Դեռևս առաջին «Հայ սուպերսթարում»  հզոր ձայնային տվյալներով առանձնացած երգչուհի Աննա Ավետյանը նախագծի ավարտից հետո որոշ ժամանակ մասնակցեց մի շարք համերգային ծրագրերի, ինչից հետո տևական ժամանակ լուռ էր: Հեռուստադիտողների համար շատ ուրախալի էր նրան մեկ այլ հեռուստանախագծի` «Հայաստանի ձայնի» շրջանակներում տեսնելը: Այս նախագծում, սակայն, Աննան երկար չմնաց: Երգչուհին  դուրս մնաց մենամարտերի փուլից, ինչը դժգոհություններ առաջացրեց հեռուստադիտողների շրջանում: Այդ դժգոհություններն ավելի տեսանելի էին ցանցաբնակների գրառումներում: ««Հայաստանի ձայնը» ոչ այնքան որպես մրցույթ էի ընկալում, որքան որպես եթերային տարբերակ` ևս մեկ անգամ իմ մասին հիշեցնելու համար,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Աննան և հավելեց, որ իրեն իրավունք չի վերապահի խոսել մրցույթի արդարության մասին: -Եթե ինձ համարեին արդարության ճիշտ և սխալ կողմ ընտրող, ես երևի ժյուրիի կազմում կլինեի:) Ինչպես ստացվեց, ստացվեց»:

Աննան անկեղծորեն ասաց, որ մրցույթից դուրս մնալու կապակցությամբ շատ էր տխրել, քանի որ ասելիք շատ  ուներ. «Երկար լռության ընթացքում բավականին շատ բան էր հավաքվել, որը կարելի էր տալ ու լավ ձևով ներկայացնել: Չստացվեց: Ինչևէ»:

 

 

Երգչուհին պատմեց, որ տևական լռությունը պայմանավորված էր հնարավորության բացակայությամբ: Աննան որոշ ժամանակ ակումբում է երգել, սակայն կարճ ժամանակ անց որոշել է այլևս չաշխատել այդ ոլորտում և երաժշտության հետ կապ չունենալ. «Երևանում բնակարան վարձելն ու այդ ամեն ինչը համակարգելը մի քիչ դժվար է: Երևի ուժերս այնքան էլ մեծ չէին, որ կարողանայի այդ ամենի «տակից դուրս գալ»,- պատմեց Աննան, ով այդ ժամանակ որոշել է գնալ  աշխատանքի տեղավորման գործակալություն և այլ աշխատանքի անցել: Արդյունքում որպես մենեջեր աշխատանքի է անցել նախ Երևանի, ապա Վանաձորի սրճարաններից մեկում: Հիմա Աննան չի աշխատում:

Երգչուհին այս պահին չի ցանկանում երաժշտության հետ կապ ունենալ, հիմա փորձում է այլ զբաղմունք գտնել: «Որոշ ժամանակ միանշանակ ոչինչ չեմ անի: Անկեղծ ասած, մի քիչ կոտրված եմ,- ասաց Աննան և  նշեց, որ կոտրվելու պատճառներից մեկն էլ մրցույթն է եղել: -Դա այն կաթիլներից մեկն էր, որ ավելացավ»:

 Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել