Ռուսական «Regnum» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական http://cheshmandaz.org/ կայքը, հայտնում է, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչներից այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին այսօր հայտարարել է, որ Իրանի նախագահ ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը:
Նա ընդգծել է, որ մտադիր է մասնակցել այս տարվա հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին. «Իրանից անջատված տարածքները վերադարձնելը իմ նախընտրական ծրագրի գլխավոր հարթակներից մեկն է:
Ես կվերադարձնեմ այդ հողերը, ընդ որում՝ առանց որևէ կաթիլ արյուն թափելու: Ինչ վերաբերում է քաղաքական աշխարհում իմ անհայտությանը, ապա դա յուրօրինակ մարտավարություն է՝ պոտենցիալ թշնամիներին մոլորության մեջ գցելու համար:
Աշխարհում ոչ ոք չէր ճանաչում Իրանի հոգևոր առաջնորդներից մեկին, քանի դեռ Իրանում չիրականացվեց Իսլամական հեղափոխություն: Իմ անհայտությունն իմ հակառակորդներին հնարավորություն չի տա գործել իմ դեմ: Իմ նախագահ ընտրվելուց արդեն մի քանի ամիս հետո կվերացվեն Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները»:
«Regnum»-ը նշում է, որ միակ բանը, որը հայտնի է այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազիի մասին, այն է, որ նա Իրանում «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել