Պարույր Հայրիկյանը հրապարակեց իր որոշումը՝ չի դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով: Փաստորեն իր առջև ծառացած անհաղթահարելի խոչընդոտ չի տեսնում...

ՀՀ նախագահի թեկնածուի վրա հրազենային կրակ բացելը անհաղթահարելի խոչընդոտ չէ...
Քաղաքի կենտրոնում կատարված քաղաքական ահաբեկչությունը անհաղթահարելի խոչընդոտ չէ...
Մահափորձին հետևած հասարակական շոկը անհաղթահարելի խոչընդոտ չէ...
Գործընկերոջը զորակցելու համար մի քանի օր քարոզարշավը դադարեցրած և կիսատ թողած թեկնածուների կորուսյալ ժամանակը անհաղթահարելի խոչընդոտ չէ...
Ընտրական պրոցեսից առավել հիասթափված քաղաքացիների թվի մեծացումը անհաղթահարելի խոչընդոտ չէ...

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում հասարակության հետ հարաբերվելու և հասարակության ազդակները իր զարկերակի վրա զգալու տարբերակը: Հայրիկյանը նախընտրեց ահաբեկչական ակտի ենթարկված քաղաքական դաշտի պայմաններում գնալ ընտրությունների: Դա իր իրավունքն է: Միայն ի՛ր իրավունքը: Անձնական, կենցաղային իրավունքը...

Իսկ հասարակությունը այս դեպքում դիտարկվեց իբրև սոսկ ընտրազանգված, որը անհրաժեշտ է ընտրությունների «մասովկան» ապահովելու համար: Հասարակությանը կարելի է ենթարկել տեռորի, նետել տարատեսակ դեպրեսիաների գիրկը, բռնաբարել առանց անհաղթահարելի խոչընդոտների ընտրությունների գնալու իրավունքը, և շարունակել խրախճանքը: Չէ՞ որ առջևում վայելքներն են...

Կյանքը կարճ է...
Ականջդ կանչի, Մարկես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել