Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե երբ էր Ֆրանսիան վերջին անգամ հյուրընկալել ֆուտբոլային մեծ միջոցառում: Այո, դա 18 տարի առաջ էր, երբ 1998 թվականին Ֆրանսիայում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ֆրանսիացի երկրպագուներն այդ իրադարձության նախօրեին բավական հոռետես էին եւ դրա համար պատճառներ ունեին: Իրենց ազգային հավաքականն այն ժամանակ ՖԻՖԱ-ի ռեյտինգային ցուցակում զբաղեցնում էր ընդամենը 18-րդ տեղը: Առաջնության հենց նախօրեին էլ ռուսներին էր պարտվել ընկերական խաղում: Ֆրանսիացիներն անխնա քննադատում էին սեփական թիմին: Ազգայինականների առաջնորդ Ժան-Մարի Լե Պենը հրապարակավ հայտարարել էր՝ սա ֆրանսիական թիմ չի, արհեստական ինչ-որ հավաքածու: Նկատի ուներ, որ խաղացողների մի զգալի մասը կամ աֆրիկյան երկրներից էր, կամ Կարիբյան ավազանից: Բայց երբ քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները 11-մետրանոցներով հաղթեցին իտալացիներին, ողջ Ֆրանսիան ցնծում էր: Տրամադրությունները կտրուկ փոխվեցին, բոլորը հանկարծ հասկացան՝ սա մեր թիմն է, սա մենք ենք, մենք հենց այսպիսինն ենք՝ բազմազան, եւ այդ բազմազանությունը հաղթում է: Ֆրանսիացիները զգացին, որ նշանակություն չունի, թե որտեղից ես՝ ողջ Ֆրանսիան մի թիմ է՝ հավաքականի նման: Եզրափակիչում ֆրանսիացիները հանդիպեցին բրազիլացիներին: Բրազիլիան աշխարհի չեմպիոնն էր ու նաեւ թիվ մեկ թիմը ՖԻՖԱ-ի ցուցակում: Ֆրանսիայի այն ժամանակվա հավաքականի պաշտպան Լիլիան Թյուրամը հետո վերհիշում էր. «Երբ դաշտ դուրս եկանք եւ տեսանք բրազիլացիներին, հասկացանք, որ նրանք չեն կարող մեզ հաղթել: Որովհետեւ նրանք ընդամենը տասնմեկն էին, իսկ մենք՝ միլիոններ»:
Ալժիրցի Զինեդին Զիդանը, որը միշտ խոստովանել է, թե փոքր ժամանակ ատում էր գլխով խաղալ, այդ եզրափակիչ խաղում հենց գլխով երկու գոլ խփեց եւ ի վերջո Ֆրանսիան հաղթեց 3:0 հաշվով: Ասում են, 1944 թվականի ազատագրումից հետո Ֆրանսիայում նման ցնծություն չէր եղել: Երբ ժողովուրդը ողողեց Ելիսեյան դաշտերը, մարդիկ վանկարկում էին՝ «Զիդան՝ նախագահ»: Ահա այսպես երկրի ֆուտբոլի հավաքականը փոխեց ողջ երկիրը: Երկիրը փոխվեց, որովհետեւ հավատաց սեփական թիմին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: