Կհետաձգվե՞ն ընտրությունները, թե՞ ոչ: Հարցը, ցավոք սրտի, քննարկվում է հիմնականում Հայրիկյանի անձի շուրջ սփռվող ինտրիգի շրջանակներում: Մինչդեռ հարցադրումը առավել կարևոր է ոչ թե Հայրիկյանի որոշման, այլ մահափորձին հետևած քաղաքական իրավիճակի վերլուծության տեսանկյունից:
Ինչպե՞ս կարող է ՀՀ քաղաքացին իրեն անկաշկանդ զգալ ընտրական պրոցեսներին մասնակցելու համար, եթե անգամ նախագահի թեկնածուն ապահովագրված չէ անցանկալի, հաճախ ճակատագրական միջադեպերից: Հասարակության զգալի հատվածը շատ զգայուն է նման իրադարձությունների նկատմամբ, որովհետև Հայաստանում ընտրական պրոցեսները մշտապես ուղեկցվում են արյամբ: Մենք հաճախ ենք մեղադրում հասարակությանը՝ ընտրություններին և քաղաքական պայքարին պասիվ մասնակցության համար, սակայն երբևէ մեզ հարց տալի՞ս ենք, թե քաղաքացին ինչպիսի վստահություն պետք է ունենա մի գործընթացի վերաբերյալ, որի հետևանքով զոհվում են տասը անմեղ քաղաքացիներ, որի ընթացքում հրազենային վնասվածքներ է ստանում նախագահի թեկնածուն: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացին ընտրական տեղամաս գնալուց առաջ պետք է հերթ կանգնի նոտարի մոտ՝ ընտրամարտ գնալուց առաջ կտակ գրելու նպատակով: 
Եվ այսքանից հետո հնչում են թերահավատ հայտարարություններ՝ անհրաժե՞շտ է հետաձգել ընտրությունները, թե՞ ոչ: Իհարկե, անհրաժեշտ է: Նախ ոստիկանությունը հնարավորություն է ստանում նախքան ընտրությունները ամեն ինչ անել՝ հանցագործության բացահայտման համար, որը քիչ թե շատ կբարձրացնի հասարակության կորսված վստահությունը պրոցեսի նկատմամբ: Երկրորդ՝ հասարակությանը պետք է հնարավորություն տալ՝ դուրս գալու հետմահափորձյան դեպրեսիայից: Չէ՞ որ ցանկացած հասարակության մեջ լարումներ են առաջանում ահաբեկչության դրսևորումներից, անկախ նրանից, թե ահաբեկչության թիրախը ինչպիսի տրամաչափ ունի...
Եթե թքած ունեք թե՛ դեպրեսիայի, թե՛ հասարակության վստահության վրա՝ ի՞նչ կարիք կա հետաձգելու: Քվեարկեք թեկուզ հենց հիմա, թերթեք օրացուցային միջոցառման էջը և գնացեք ձոր՝ խմելու: Չմոռանաք հրավիրել կից թեկնածուներին՝ ազգային միասնության կենացը եվրոյոնջաների զեկույցների գորշ թերթոնների մեջ խցկելու համար: 
Փետրվարի 19-ին արթնացեք առավել ապահով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել