Newspress.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նստաշրջանում «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Երբ հունիսի 16-ին 4+4 +4-ի մասնակից ուժերը ստորագրեցին համաձայնություն, այդ հայտարարության մեջ այս ամեն ինչը հիմնավորվում էր հետևյալ կերպ՝ կարևորելով ՀՀ-ում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացում: Հիմա այս հայտարարությունից բխող մի նախագիծ եք բերել ու ասում եք՝ սենց կանենք, նենց կանենք, բայց վերջում ասում եք, եթե դոնոր կազմակերպությունները փողը տան, իսկ եթե դոնոր կազմակերպությունները փողը չտան, չենք բարձրացնի հանրության վստահությունը, ժողովրդավարական ընտրություններն էդքան էլ կարևոր չեն»,- հեգնեց Փաշինյանը` ավելացնելով.
«Եթե Եվրամիությունը մի երկու միլիոն ավել տա, կարա՞նք օրենքի ամենավերջում գրենք շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»,- հարցրեց նա:
«Ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք քվեարկված օրենսգիրքը, 2 միլիոնն էլ կարող եք վերցնել Ձեզ»,- ժպիտով Նիկոլ Փաշինյանին արձագանքեց Դավիթ Հարությունյանը և հավելեց. «Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա պետք է նշեմ, որ յուրաքանչյուր դեպքում ցանկացած ստուգում ունի որոշակի սահման, իհարկե, կարելի է էլ ավելի լուրջ ստուգում իրականացնել, իհարկե կարելի է մարդու ԴՆԹ թեստերը հավաքել, աչքը նկարահանել, համադրել այդ ամենը, բայց այդ ամեն ինչն իր սահմանը պետք է ունենա: Այլ խնդիր է, որ մեր գործընկերներն ասում են՝ մեզ 99 տոկոսանոց որակը բավարար չէ, մեզ 99,9 տոկոսանոց որակ է պետք»,-ասաց Դավիթ Հարությունյանը` շեշտելով. «Կառավարությունը մտադիր չէ այդ գումարն իր գրպանից տրամադրել, քանի որ իրենք այն գումարն են ապահովում, որով 99 տոկոս որակն է ապահովվում»: