EXCLUSIVE
Դի Դիկովսկին կրկին Երևանում է: Երգչուհին ապրում է Կոմիտասում, իսկ պատշգամբից բացվում է Երևանի գեղեցիկ տեսարանը: Երգչուհին էլ ամեն անգամ նայելիս ասում է ՝ սիրում եմ քեզ Երևան: Դիանան ինձ համար սուրճ պատրաստեց և ամենակարևորը՝ դա արեց սիրով: BlogNews.am-ն բացառիկ զրույց է ունեցել երգչուհու հետ, ով Ուկրաինայում իր «Դլե Յաման»-ով ցնծեց ժուրիի անդամներին:
- Ո՞րն է Երևան գալու նպատակը
- Առաջին անգամ իմ կյանքում որոշել եմ հանգստանալ, կանգ առնել, քանի որ վազքս անդադար էր: Եկել եմ լիցքավորվելու, և առհասարակ Հայատասն գալուց ես միշտ գալիս եմ իմ ջիգյարի հետևից: Ինձ անգամ համերգներ առաջարկեցին, բայց հրաժարվեցի և ամեն ինչ պլանավորեցի աշնան վրա: Սա իմ առաջին լուրջ ստեղծագործական դադարն է. չեմ ուզում անգամ բեմ բարձրանալ:
- Հարցազրույցներից և հարցերից էլ ե՞ք հոգնել
- Գիտեք երբեմն ցանկություն չունեմ էներգիա ծախսել, որովհետև ես ուզում եմ տամ և ստանալ, ես չեմ ուզում միայն տալ: Ինչքան լավ սկսեցինք ես և դու, ծիծաղեցինք միասին, հումոր արեցինք. դա երկկողմանի խաղ է, իսկ ինչքան վատ է երբ դու տալիս ես և փոխադարձ ոչինչ չես ստանում: Երբ զգում եմ, որ պետք չէ ընդհանրապես էներգիա տալ, չեմ տալիս. մարդը երբեմն պետք է այդ դասն անցնի, քիթը քսվի գետնին:
- Դուք էլ ե՞ք ինչ-որ բնարեից դասեր քաղում
- Իհարկե, ամեն օր: Առաջվա պես չէ, այսինքն ես գիտեմ, եթե մատս մցնեմ հոսանքի մեջ, գիտեմ՝ ինձ ինչ է սպասվում: Շատ հաճախ գիտեմ՝ կցավի, բայց անում եմ: Գալիս է մի տարիք, որ էլ այդ ադրենալինը չես ուզում, ուզում ես հագիստ կյանք: Ուզում ես բնություն, հանգիստ և իմ նապաստակին, որին թողեցի Մոսկվայում:
- Ի՞նչ եք դրել նապաստակի անունը
- Մալիշ. Նոր տարվա կապակցությամբ եմ նվեր ստացել: Ընկերներիցս մեկը նապաստակներով նկար ուղարկեց և այդպես շնորհավորեց: Երբ տեսա, ասացի՝ այս նապաստակին եմ ուզում, նա էլ ասաց՝ խնդիր չկա վաղը կբերեմ: Մոսկվայում ամեն ինչ սառն է, դրա համար ուզում ես գոնե մի կենդանի կողքիդ լինի ում կխնամես և ջերմություն կտաս:

- Մենակությունից և սառնությունից ե՞ք հոգնում
- Չէ՝ անջիգյարությունից: Մենակությունից երբեք չեմ հոգնում, քանի որ մենակություն սիրում եմ:
- Հայկական ջիգյարը տալիս եք ռուսներին, բայց փոխադարձ սառնություն ե՞ք ստանում
- Հիմա արդեն էլ չեմ տալիս, որովհետև նրանք չեն հասկանում, մտածում են՝ ձևեր ես թափում, նրանց մոտ ընդունված էլ չէ: Օրինակ ռուսը ինձ համար այն ազգն է, որ երգել չգիտի, եթե ռուսը երգում է ուրեմը խառնուրդ ունի: Իսկ ուկրաինացին ցնցող երգող է, նրանք հոգով են երգում:
- Ուկրաինացիների մասին եք ասում, վերջերս Երևանում էր «Օկեան Էլզի» խումբը, ովքեր իսկապես ֆուրոր արեցին: Ես հիշում եմ Ուկրաինական ձայնի ժամանակ վոկալիստ Վակարչուկն էլ էր տարվել ձեր կատարած «Դլե Յաման»-ով:
- Նա ուզում էր, որ ես իր թիմ գնայի, բայց ես չգնացի: Գնացի Իվան Դորնայի մոտ: Ես դրամատիկ երգչուհի եմ, բայց ես ուզում էի ինձ մի քիչ թեթևացնել: Հասկանո՞ւմ ես: Ես ուզում եմ մի քիչ պայծառացնեմ իմ երգացանկը, իսկ Իվանը հենց այդ գույն է, թեթևությունն է: Նա շատ լավ կարողանում մի քանի երաժշտական ժանրեր միքսել, իսկ ես դա սիրում եմ: Ինձ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը:

- Ամեն դեպքում ձեր «Դլե Յաման»-ը հուզել էր ժյուրիին և ոչ միայն:
- Գիտես՝ չէի սպասում, չէի պատկերացնում: Ես գիտեի, որ նախագիծը մեծ արձագանք է ունենում, բայց որ նման չէի սպասում: Ես երևի մի տաս օր համացանցից դուրս չէի գալիս, աչքերս արդեն կարմրել էին: Այնքան մարդիկ էին գրում, շնորհակալություն հայտնում: Տղամարդիկ լուսանկարներ էին ուղարկում արցունքներով: Մինչև հիմա որ քայլում եմ երևանում տղամարդիկ մոտենում են ասում են՝ շնորհակալություն ձեզ: Ուզում եմ պարզապես այդ էմոցիաները մնան իմ մեջ: Իսկ ի՞նչ է պետք արտիստին ստեղծագործելու համար, անգամ այդ մի շնորհակալությունը հերիք է, որ ջուրը չի ընկնում քո արածը: Չկարծեք, որ վատը չեն ասել իմ հետևից, բայց լավը ավելի շատ է եղել: Օրինակ՝ ասում էին էս ի՞նչ դլե յամանա, ձայն չունի: Պարզապես ասեմ, որ ես Կոնսերվատորիա եմ ավարտել և չորս oկտավա ունեմ: Ֆլորա Մարտիրոսյանի անունն էին տալիս: Հարգանքներիս հավաստիքը նրան, վերջին օրերին ես նրա հետ շատ եմ շփվել: Նա Մոսկվա շատ էր գալիս, մի անգամ բեմում «Դլե Յաման» էր երգում, ինձ կանչեց բեմ, հիմա ափսոսում եմ, որ չեմ բարձրացել: Ես ինքս շատ եմ սիրում, երբ իմ համերգների ժամանակ ինչ- որ մեկին բեմ եմ բարձրացնում:
- Դժվար է՞ր կատարել այդ երգը
- Ինձ համար դժվար էր, ես հասկանում էի, որ կարող է ձախողվեմ: Այնքան մեծ պատասխանատվություն կար ինձ վրա՝ ֆալշ չերգելու, հայկական դրոշն էի բարձրացնում և պետք է լավ կատարեի՝ ժողովրդական երգչուհի չլինելով հանդերձ: Պատկերացնում ե՞ք ինչքան բան կար, որ ես իրավունք չունեի ձախողվել: Երբ ելութից հետո նայում էի, թե ինչքան մարդիկ են կիսվել, հավանել, ես չէի հավատում, ասոմ էի՝ ես ե՞մ: Այս ամենից հետո, ես աստղային հիվանդությամբ չտառապեցի, ու ես գիտեմ՝ հենց սկսեմ մեծամտանալ, վերևից Աստված ինձ մեծ թավայով հարվածելու է:

- Կյանքից նվերներ ստանում ե՞ք
- Երբեմն ինձ ասում են ինչքա՞ն գումար ես տվել, որ Մոսկվա ես գնացել, կամ ո՞ւմ ես փող տալիս, որ քեզ ամենուր հրավիրում են, ո՞ւմ յարն ես: Ասում եմ` ոչ մեկի, ոչ մի կոպեկ չեմ տալիս: Ասում են՝ այսօր այդ դարը չի, բայց իմ ամենաուժեղ մուծումն՝ աղոթքս է, հավատքս և մարդկանց չվնասելը: Ես չեմ վնասում, որ չվնասվեմ, ես այդպես եմ ապրում: Ես գիտեմ՝ ուրիշները ոնց են ապրում, բայց դա իմ ճանապարհը չէ: Ես չեմ կարողանում մարդկանց հետ կեղծ շփվեմ: Ես ինքս ինձ փորձադաշտ եմ համարում՝ մարդկանց հարաբերությունների մեջ անել այն, ինչ մեկ-մեկ ուրիշ մարդիկ են անում: Ես գիտեմ, որ այն տարբերակով որ ես եմ ապրում՝ ամենաճիշտ է և ամենազուլալը: Ես ինքս ինձ իրավունք չունեմ դավաճանելու: Կան մարդիկ ովքեր գնահատում են քո տաղանդը, և իմ համար շատ կարևոր էր Մոսկվա գնալը, քանի որ իմ տաղանդն այնտեղ գնահատվեց: Ես քսան տարի այստեղ չարչարվեցի, իսկ չորս տարվա մեջ այնտեղ բարձրացա:
- Ինչպե՞ս նաև ֆինանսական
- Այո, ինչպես նաև ֆինանասական: Ես գնացի այն ճանապարհով, որով ոչ մեկի չի գնացել: Օրինակ ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ «Jazz Parking»-ում չես: Բայց այսօրվա օրով, ես «Jazz Parking»-ից զատ ճանաչված եմ և իմ ճանապարհը լրիվ ուրիշ է: Ինձ համար վիրավորական է, երբ ասում են՝ ես եմ քեզ սարքել, անգամ ծնողիս թույլ չեմ տալիս դա ասել: Ես միշտ ամեն ինչը միայնակ եմ արել, և ոչ մեկին պարտական չեմ: Շատ դժվար է իրականում, դրա համար ներքինս ասում է՝ ստոպ, պետք է հանգստանաս: Երբ «Ուկրաինայի ձայնից» եկա, ինձ ասում էին՝ Ռուսակաստանի ձայնին հայտ ուղարկի, բայց ասում էի՝ ոչ, չեմ ուզում: Ես անցյալ տարի չլսեցի իմ օրգանիզմին, գնացի մի մրցույթի և ձախողվեցի, քանի որ անգամ չբարձրացա բեմ:
- Մի քիչ առաջ ինձ համար Սորոյի վերջին երգն էիք երգում, հայկական երգերն էլ ե՞ք սիրում: Ջազ երգչուհիները հայկական 6/8 են լսո՞ւմ:
- Այո, ես սիրում եմ, ես համ երգում եմ, համ պարում եմ, իհարկե չեմ կարում իրենց ձևի մեջ տենց լավ երգեմ, բայց ես կարող եմ ջիգյարով և հոգով երգել: Էլ ինչ հայկական քեֆ առանց 6/8: Երբ ասում են՝ մենք չենք պարի տենց երգերի տակ, դրանք ինձ համար ձևականություններ են: Ես լսում եմ ռաբիզ. Սպիտակցի Հայկոն իմ մոտիկ ընկերն է, շատ եմ հավանում նրան, քանի որ նա այնպես է երգում, որ իմ աչքերից արցունքները հոսում են: Կլառնետիստ Եղիշիկն այնպես է նվագում, որ ես մեռնում եմ, փշաքաղվում եմ, ես սիրո ւմ եմ Ռազմիկ Ամյանին, Սարոյին և ես գիտեմ, թե նրանք ոնց են կարողանում երգել, ափսոս այդ ոճում երգչուհի չունենք: Ես հայկական շոու բիզնեսով չեմ հետաքրքվում, բայց երբ մեկ-մեկ տանը գործ եմ անում ականջիս պոչով լսում եմ: Ինչ կարող եմ ասել, հիմա ավելի շատ բիզնես է, ու ջիգյարը չի մնացել:

- Փաստորեն քեֆ անել սիրում եք
- Իհարկե, մեկ-մեկ ինձ ասում են՝ Դինա ինչքա՞ն ես խմում, որ սենց ուրախանում ես, ասում եմ՝ ոչ մի կաթիլ: Ես դրա կարիքը չունեմ, որ խմեմ նոր քեֆ անեմ, երբեք: Իմ համար մարդու մեջի ջիգյարը շատ կարևոր է, եթե դա չեղավ ամեն ինչն էլ կդառնա միապաղաղ և միօրինակ:
- Դիանա ձեր տան պատին ջազմեն Լևոն Մալխասյանի լուսանկարն է, վստահ եմ՝ պատմություն էլ կունենաք պատմելու:
- Ասեմ, թե ոնց ստացվեց, որ նա մտավ իմ կյանք: Օրերից մի օր ընկերուհիներից մեկն ասումա, արի գնանք քեզ Մալխասի հետ ծանոթացնեմ: Ասում եմ՝ գնանք: Ընկերուհիս ասում է՝ Լևոն ծանոթացիր իմ ընկերուհին է, ով ևս երգչուհի է: Լևոն էլ ասում է, իսկ դուք այսօր մեզ համար կերգե՞ք: Ես սկսում եմ առարկել, բայց Լևոնը պնդում է: «Georgia on my mind» երգը կատարեցի, որը հետո ամեն ակումբում դարձավ այցեքարտ: Երբ արդեն դուրս էի գալիս ակումբից, նայեց ինձ վրա և ասաց՝ դու «show women» ես և չափազանց աստղային: Կան մարդիկ քո կյանքում, որ մի խոսքով կարող են ներշնչել քեզ և դու լուրջ քայլերի դիմես: Այդ օրվանից ես սկսեցի հաճախ գնալ ակումբ, այնքան ընկերացանք, որ Լևոնը զանգում էր, ասում էր բալա ջան ո՞ւր ես, կգա՞ս ակումբ, որ այս ինչ խմբին լսես, կամ կգաս այսօր երգես, քանի որ ինձ պետք ես: Ես ամբողջ կյանքս երազել եմ ջազզ երգել, բայց ընդունվել եմ դասական բաժին: Մի անգամ Լևոնի մոտ հյուրեր էին եկել, ծանոթացնում է նրանց և ասում՝ ծանոթացեք ջազային երգչուհի: Նա այնպես է անում, որ դու սկսում ես հավատալ, նա այնքան բնական է այդ ամենն անում: Նա այն մարդն է իմ կյանքում, որ ինձ տվեց այդ թռիչքը, որ սկսեմ ավելի շատ խորանամ այդ ոճում:

- Իսկ մտածել ե՞ք ոճը փոխելու մասին
- Ես հիմա ինձ անգամ ջազզային երգչուհի չեմ համարում: Եթե կարող եմ մի քանի ժանրերում երգել, ինչի ասոցացնել միայն ջազզի հետ: Այօսր ես ջազզում եմ, ես չգիտեմ վաղը որտեղ կլինեմ: Շատ հավանական է, որ վաղը լրիվ ուրիշ բան երգեմ: Կարող է անգամ չերգեմ, իհարկե կան մարդիկ, ովքեր կսպանեն ինձ դրա համար: Հիմա ես ավելի շատ խորացել եմ դասավանդման մեջ, ինձ դուր է գալիս շփվել մարդկանց հետ, նրանցից կերտել իմը. ես դրանից հաճույք եմ ստանում: Ինչ մեկնել եմ Մոսկվա, առաջին օրվանից սկսել եմ դասավանդել, իսկ Երևանում մեկ աշակերտ ունեի:
- Մտածել եք՝ ի՞նչ է ձեզ պակասում
- Երբ ինքդ քեզ հետ համաձայնության հետ գաս, ոչինչ չի պակասի: Երբ քո Աստվածը, քո որդին և քո սուրբ հոգին, այս եռանկյունին աշխատի միախմբված, ապա քեզ ոչ մի բան չի պակասի: Պետք է իմ ես-ի հետ համերաշխ ապրեմ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



