Նախագահի թեկնածուների թիմում աշխատող և իրենց գործը լավ իմացող մարդիկ հստակ գիտեն, որ մոլորեցնելով ընտրազանգվածին՝ թուլանալ չի կարելի, քանի որ մինչև վերջին օրը հայտնի չէ «նվաճված» ընտրողների կոնկրետ թիվը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրողների մինչև 25%-ը թեկնածուի օգտին քվեարկել կամ չքվեարկելու որոշումը ընդունում է միայն վերջին օրը: Իսկ 10%-ը ընդհանրապես ենթարկվում է «քվեախցիկի շոկ» կոչվող երևույթին և վերջին պահին հրաժարվելով իր թեկնածուից`քվեարկում է ուրիշի օգտին: Այնպես որ, պետք է աչալուրջ լինել և ամբողջ քարոզարշավի ընթացքում ու անգամ դրա վերջին օրը «պայքարի զենքերը» վայր չդնել: Բայց պայքարի համար «զենքեր» ունենալը բավարար չէ ընտրողներին ձեր կողմը գրավելու համար: Պետք է նաև կարողանալ դրանք ՃԻՇՏ և ԳՐԱԳԵՏ օգտագործել: Նախ պետք է հստակ առանձնացնել այն մարդկանց, ում ուղղված է ձեր քարոզարշավը, այն չի կարող ամբողջ ժողովրդին ուղղված լինել: Բոլորը շատ հարաբերական հասկացություն է, բոլորի մեջ մտնում են հոգեբանական և սոցիալական տարբեր առանձնահատկություններ ունեցող մարդիկ, ինչու չէ նաև հակառակ քաղաքական հայացքներ ունեցողներ: Դրա համար պետք է քարոզարշավի հենց սկզբից հստակ առանձնացնել ընտրազանգվածի տիպերը:
Յուրաքանչյուր թեկնածուի համար գոյություն ունի`

1. «Մերժողական» ընտրազանգված
2. «Հաստատուն» ընտրազանգված

«Մերժողական» ընտրազանգվածը այն մարդիկ են, ում մոտ նախընտրական շրջանում ինչ-ինչ պատճառներով ընտրությունների հանդեպ բացասական վերաբերմունք է ձևավորվել, նրանք ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում թեկնածուներից և ոչ մեկին և ընդհանրապես ժողովրդի լեզվով ասած` «թքած ունեն» ամեն ինչի վրա, իրենց համար մեկ է` ով կընտրվի կամ չի ընտրվի, միևնույն է ոչինչ էլ չի փոխվելու: Այս խմբի մեջ սովորաբար մտնում են 60-80 տարեկան անձինք, ովքեր ունեն բարձրագույն և միջնակարգ կրթություն, անցյալում շատ լավ մասնագետներ են եղել և աշխատանք են ունեցել, իսկ հիմա թոշակառուներ են և իրենց ստացած «գրոշները» չեն բավականացնում անգամ մինիմալ պահանջները հոգալու համար: 
Ընտրազանգվածի այս տիպի հետ աշխատելիս թեկնածուները պետք է նրանց մեջ ապագայի հանդեպ հավատ արթնացնեն, հավատ արթնացնեն, որ երկրում իրավիճակի փոփոխություն կլինի, բարեփոխումներ կլինեն կենսաթոշակային համակարգում: Պետք է այս մարդկանց ապացուցել, որ ընտրությունները կարևոր են, և դրանց չներկայանալը ապագայի հանդեպ ամենաանպատասխանատու արարքն է:

«Հաստատուն» ընտրազանգվածի դեպքում աշխատանքը շատ ավելի հեշտ է: Այս խմբի մեջ մտնում են ներկայում լավ, ապահով կյանքով ապրող մարդիկ, ովքեր ունեն աշխատանք, գոհ են ամեն ինչից, գոհ են իրենց կյանքից: Այս մարդկանց հետ քարոզչական աշխատանքներ տանելու կարիք առանձնապես չկա, պարզապես յուրաքանչյուր թեկնածու պետք է նրանց հավատացնի, որ իր ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կպահպանեն այդ ամենը, այլ կկրկնապատկեն ու էլ ավելիին կհասնեն:

Հիշեք այս ամենը, PR-շիկներ ջան...

Հ.Գ. Քաղաքական PR-ի դասախոսություններս եմ հիշել :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել