Օրերս ավարտվեց հերթական բանակցությունը, որն ինչպես միշտ անցավ կոնստրուկտիվ մթնոլորտում, նախագահները որոշեցին լրացուցիչ դինամիկա հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Այդպես էլ պետք է լիներ, այդպես էլ սպասում էինք…
Հետո՞…
Հետո այն, որ կարծես ԼՂ հակամարտությունը նման է չարորակ ուռուցքի, որն առայժմ ենթարկվում է քիմիաթերապիայի՝ դրան բնորոշ <<սրտխառնոցներով, փսխումներով, մազաթափությամբ>> և բնականաբար ցավերով: Ցավերն անց ենք կացնում պարբերաբար <<կոնստրուկտիվ>> դեղամիջոցներ ներարկելով, որոնք կարծես արդեն չեն փրկում, չեն ազդում, չեն ցավազրկում: Հավատ չեն ներշնչում ցավազրկումը կազմակերպողները ևս…
Ցավոք ելքը՝ ըստ հակառակորդի, դա <<վիրահատությունն է>> ու Ադրբեջանն արդեն վաղուց հոգեբանորեն պատրաստ է դրան, և որքան էլ փորձենք չհասկանալ այդ պարզ ճշմարտությունը՝ չենք կարող: Դրա վառ ապացույցը հակամարտության ապրիլյան սրացումն էր:
Հույս ունեինք, որ ստատուս-քվոի, հրադադարի պայմաններում Ադրբեջանի ղարաբաղյան սերունդը՝ հասարակությունն առհասարակ, կմոռանան, կհաշտվեն այն կորցնելու հետ: Որ կգա նոր սերունդ, որը սրտին մոտ չի ընդունի այդ փաստը, սակայն նման բան տեղի չունեցավ, այլ ընդհակառակը՝ այդ <<ուռուցքը>> գնալով մեծացավ, շահարկվեց ու նույնիսկ մետաստազներ տվեց…
Եվ ցավոք, կարծես միակ ելքը ըստ նրանց, պատերազմն է՝ ուզենք, թե չուզենք…Իսկ պատերազմը կարծես թե հեռու չէ և անխուսափելի է…
Որքան էլ ռուս հայտնի արևելագետ Եվգենի Սատանինսկին ասի, թե. <<Իլհամ Հեյդարիչը շատ փորձված դիվանագետ է և հետխորհրդային երկրների ամենազարգացած ու կիրթ նախագահներից մեկը և նա նման սխալ բան չի անի այլևս և չի խախտի ստատուս-քվոն>>, ես նրա հետ համաձայն չեմ: Ալիևին վստահել չի կարելի ու նա այդքան էլ խելացի չէ ինչքան թվում է և առավել ևս ինքնուրույն: Նա Էրդողանի ձեռնածուն է ու ընդունակ անկանխատեսելի քայլերի: Ի վերջո նա թուրք է և նրա գլխավորությամբ՝ պետական մակարդակով, այս տարիներին դաստիարակվել է հայատյացների, պատերազմի և արյան ձգտող նոր սերունդ, որն այլևս չի հասկանա, չի ընկալի խաղաղության կոչերն ու հորդորները…
Մենք պետք է մի կողմ դնենք անցյալի մեր ձեռք բերումների մասին դիֆերամբները, պետք է արագ դասեր քաղենք անցյալից, հետևություններ անենք և ազգովի, միասնական, համախմբված պատրաստ լինենք պայքարի: Ցանկանում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի…Պատրաստ եղիր պարտադրել խաղաղություն…
Ներկայումս երկրի պաշտպանունակության հզորացման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ, համակարգված, հստակ և հետևողական քայլեր: Ազնիվ, նվիրյալ մարդկանցով, սպայի պատիվը բարձր պահող հրամանատարներով, պետական մտածողությամբ պաշտոնյաներով…Առանց գռփելու, առանց յուրացումների, առանց սպառազինության հաշվին հարստացողների ու սալյարկա գողացողների հոգեբանությամբ զինվորականների ու հաբռգածների…
Մենք արդեն ուշանում ենք, եթե չենք ուշացել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել