Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության թեման կրկին տարատեսակ շահարկումների ու «աչոկ հավքելու» առիթ է դարձել, որոշ հանրային դեմքերի մոտ: Ակտիվացել են հնուց մոռացված անհատներն ու դաշտում նորից անհեռանկար կոչերի պակաս չի նկատվում:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը լրագրողների՝ հետագա անելիքների վերաբերյալ հարցերին «Կրիմինալ իշխանությունները պետք է հեռանան», «Գայլին չի կարելի վստահել ոչխարի հոտը» և նմանատիպ ակնհայտ ու չարչրկված կոչերով է պատասխանել: Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ իշխանությունները շարունակում են նույն տեմպով քայքայել Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, երկրում մեծանում է աղքատության մակարդակն ու արտագաղթի տեմպերը, տարեցտարի գրանցում ենք միայն բացասական ցուցանիշներ և այլ: Դա բոլորս գիտենք... հետո՞: Ի՞նչ է ընդհանրապես խոսում Եղնուկյանը:
Կարծես ականատես ենք լինում նույն սցենարին: Ինչ որ կարևոր իրադարձությունից հետո, հայտնվում են հին մեռելի «զդաչիներն» ու շարունակում կրկեսի վերածել ամբողջ թեման: Ո՞վ է Եղնուկյանը: Տարիներ ի վեր Հայրիկյանի ԵՄ դրոշների հետևից պտտվող,ապա այլ ճամբարներում դեգերող, անհեռանկարային լճացած մի անհատ, ում ամբողջ կյանքի միակ հասարակական ու քաղաքական ձեռքբերումը խնամված բեղերն են: Ու՞մ են լրագրողները հարցնում հետագա քայլերի մասին, ինչու՞ են ընդհանրապես խոսելու հնարավորություն տալիս: Մի՞թե Եղնուկյանից բացի չկա մարդ, ով կարող էր պատասխանել լրագրողի՝ «ի՞նչ անել, որպեսզի այս ամենին վերջ տրվի» հարցին:
Եղնուկյանը մինչև հիմա ինչ որ կազմակերպության կամ շարժման մեջ ներգրավված լինելով, ոչ մի խնդիր չի լուծել: Լավ, իսկ այդ կառույցները որևէ մի շոշափելի արդյունք գրանցե՞լ են այսքան ժամանակ: Ակնհայտ է, որ դրանք բոլորը անհայտ ֆինանսավորմամբ փոքր ու միջին պրոեկտներ են եղել, որոնք կատարել են կարճաժամկետ միսիաներ: Ու այսքանից հետո հարցազրույց վերցնել ու հետագա անելիքների մասին հարցնել Եղնուկյանից, մեղմ ասած, անարդար է: