Panorama.am-ը գրում է.
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի կաթողիկ համայնքի հրավերով: Այցը Հայաստան արարողակարգային առումով տարբեր վերնագրեր, ձևակերպումներ ուներ: Բոլոր տարբերությունները վերացան վերջին օրերին Սրբազան Քահանայապետի կողմից իր այցին տրված գնահատականով՝ ուխտագնացություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ Հռոմի պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
«Այս երկու եզրույթն օգտագործելով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» և «ուխտագնացություն», Սրբազան Քահանայապետն ընդգծել է վերաբերմունքն իր կայանալիք այցին, Հայաստանին, հայ ժողովրդին, հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշեց նա:
Ըստ Վ.Սարգսյանի, հայ ժողովրդի շրջանում մեծ ոգևորություն կա, հետաքրքված են նաև զանգվածային լրատվամիջոցները՝ 600 լրատվամիջոց է հավատարմագրվել լուսաբանելու Պապի այցը, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակվելու են ուղիղ, ապահովվելու է նաև արբայնակային հեռարձակում:
Նա հայտնեց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «ՀայՓոստ» ընկերության նամականիշը Հռոմի պապի այցի առիթով, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաև թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



