Հայաստանյան ներքաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Քաղաքական ուժերն արդեն իսկ պատրաստվում են 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, քանի որ ընտրությունների մեկնարկին կարճ ժամանակ է մնացել: Ընտրություններին իրենց մասնակցության համար հող նախապատրաստելու տեսանկյունից ակտիվ աշխատանք են սկսել ինչպես այն ուժերը, որոնք քաղաքական գործունեության երկար ճանապարհ են անցել, այնպես էլ նորաստեղծ կուսակցությունները, ինչպես օրինակ` «Լուսավոր հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը»:

Թեև ենթադրվում է, թե նոր ստեղծված քաղաքական ուժերը, հաշվի առնելով որ իրենք դեռևս ձևավորման գործընթացում են գտնվում, պետք է ունենան համեստ քաղաքական ամբիցիաներ, սակայն տեղի ունեցող զարգացումները հակառակի մասին են փաստում:

Հասկանալի է, որ նորաստեղծ կուսակցությունները և հատկապես «Համախմբումը» հայտարարում են, թե իրենք գնում են իշխանափոխության և «աննախադեպ» թվով քվեներ են ստանալու ընտրությունների ժամանակ` նպատակ ունենալով քաղաքացիներին ցույց տալ, որ տրամադրված են վճռական և անզիջում պայքարի մեջ են մտնելու: Սակայն եթե մի կողմ թողնենք ժողովրդահաճո հայտարարությունները, ապա ռեալ իրականության մեջ նկատելի է, որ քվեներ ստանալու խնդիրը դժվար է լինելու ոչ միայն նորահայտ, այլև նույնիսկ արդեն երկար ժամանակ գործող շատ քաղաքական ուժերի համար ու դեռ հարցական է, թե այդ կուսակցությունները կկարողանան իրենց տեղն ապահովել գալիք խորհրդարանում:

Այնպես որ՝ գալիք ընտրապայքարը հեշտ չի լինելու հատկապես ընդդիմադիր դաշտում գործող բազմաթիվ փոքր ու միջին քաղաքական ուժերի գոյության և դաշտում դոմինանտ ուժի բացակայության պարագայում, որը կբերի, այսպես ասած, տարբեր կուսակցությունների միջև ձայների «փոշիացման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել