Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված այս դատապարտելի արարքից ու նախնական էմոցիոնալ գնահատականներից բավական ժամանակ է անցել, որպեսզի հնարավորություն ունենանք մի փոքր նախնական ու սթափ վերլուծություն անել:
Միանշանակ դատապարտելուց բացի, գտնում եմ, որ թեպետ ցանկացած հանցագործության բացահայտում է կարևոր, սակայն այս գործի բացահայտումը չափազանց կարևոր է, քանի որ, եթե ինչ-որ ուժերի հաջողվում է նախագահի թեկնածուին վնաս հասցնելու ճանապարհով հետաձգել ընտրությունները, կամ էլ հասնել նրան, որ նոր ընտրություններ հայտարարվեն, ապա սա կարող է դառնալ վատ նախադեպ: Սա մեզ համար նաև սթափության ահազանգ է, որ, անհրաժեշտության դեպքում, պետք է անգամ համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, և նախագահի թեկնածուների անվտանգությունն ապահովվի պետության կողմից, անգամ անկախ նրանց ցանկությունից: Եվ ամենևին էական չէ, թե որքան է գնահատվում այս կամ այն թեկնածուի հաղթելու շանսը: Չէ՞ որ անգամ 0.1 տոկոս հավաքելու հնարավորություն ունեցող նախագահի թեկնածուի համար, եթե անհաղթահարելի խոչընդոտ են ստեղծում, ապա խախտվում է ընտրությունների բնականոն ընթացքը, իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Միաժամանակ, ափսոսում եմ, որ Պարույր Հայրիկյանի նման հոգով ուժեղ անձնավորությունը կարող էր հապշտապ կարծիք հայտնել, թե իր դեմ կատարված մահափորձի մեջ ռուսական հետք է տեսնում: Եթե անգամ հաշվի առնեմ, որ նա դա ասել է գտնվելով հիվանդանոցում՝ այդպիսի էքստրեմալ վիճակում, միևնույն է ընդունելի չէ:
Ես մշտապես աչքի եմ ընկել իմ, եթե կարելի է այդպես ասել, արևմտամետ դիրքորոշմամբ ու ռուսական իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ, բայց չեմ գայթակղվում Հայրիկյանի ասածով ու պաշտպանեմ նրա այդ կարծիքը, քանի որ սովոր եմ թե՛ գործընկերներին, թե՛ հակառակորդներին ըստ արժանվույն գնահատել՝ սխալներից զերծ մնալու նպատակով, ու ասել, որ, եթե ռուսական հատուկ ծառայությունները ցանկանային հարգարժան Հայրիկյանին վերացնել, ապա նրանք դա կանեին, և կարիք չկա նրանց այս կարգի պարզունակ արարք մեղսագրել: Այնպես որ գուցե որոշ մարդկանց համար շատ գայթակղիչ է ու պատվաբեր, որ իրենց դեմ կատարվածը գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի տիրույթում դիտարկվեն, բայց կարծում եմ, որ նման բան ուղղակի գոյություն չունի:
Իսկ այն, որ այս մահափորձն այդքան քաղաքականացվեց, դա էլ ինչ-որ տեղ հասկանալի է: Ուզենք, թե չուզենք, մարդու հետ նման դեպք կատարվելիս առաջին հերթին դիտարկվում է նրա պրոֆեսիոնալ գործունեության տեսանկյունը: Ուղղակի չպետք է շատ տարվել դրանով, ու պետական այրերն ու պատկան մարմինների ղեկավարները պետք է ժողովրդին հանգստացնեն, այլ ոչ թե իրենց չկշռադատված հայտարարություններով ավելի լարեն առանց այն էլ լարված իրավիճակը:



