Երեկ Բարքեմփ 2016-ի ավարտից հետո, քանի դեռ աֆթերփարթիին էինք մասնակցում, պարում, ուրախանում, չկոնֆերանսի հաջողությունների ու ձեռքբերումների մասին զրուցում, Ֆեյսբուքում քլնգում էին, քննադատում եւ ծաղրում էին Բարքեմփի ներկայացումներից մեկը: Խոսքը gg տաքսու մասին է: Կազմակերպության ներկայացուցիչ Խաչատուր Գրիգորյանը մոտ մեկ ժամանոց ելույթ է ունեցել: Ըստ էության ելույթի առանցքային միտքը հետեւյալն էր. նա, ով կօգտվի Յանդեքս տաքսի ծառայությունից՝ ազգի դավաճան է, ազգի ոչ միասնականության պատճառով է Հայաստանի տարածքը կրճատվել:
Ողջունում եմ, որ  Խաչատուրը պատմական գիտելիքներ ունի, բայց ինչու՞ է վիրավորում մարդկանց, զայրանում եւ հեգնանքով ելույթ ունենում: Պետք է հիշել, որ gg taxi-ն բիզնես պրոեկտ է, ծառայություն է մատուցում, եւ ում վրա մունաթ էր գալիս, ազգի դավաճան հանում, նրանց շնորհիվ gg-ին դարձել է 5 միլիոն դոլարանոց ընկերություն:
 Գիտեք Խաչատուրի ելույթն ինձ ի՞նչ հիշեցրեց.  երբ սովորաբար մի խանութից առեւտուր ես անում, հետո մի օր այլ տեղից ես գնումներ կատարում, վե՜րջ, «հավատարիմ հաճախորդի» կարգավիճակդ կորցնում ես, դառնում ես առաջին խանութի աչքի գրողը: Բայց ինչու՞: Եթե մի խանութում ապրանքն ավելի էժան է, մյուսում թանկ, ենթադրելի՞ չէ, որ հաճախորդը կընտրի էժան ապրանքը:
Խաչատուր Գրիգորյանի ելույթից եզրակացրեցի, որ gg-ին պատրաստ չէ Yandex տաքսու հետ մրցակցությանը: Մարդ եթե իր ուժերի վրա վստահ է, ինչ էլ լինի հաղթանակած դուրս կգա: Ի՞նչ կլիներ, եթե,մեկ տարի աշխատելուց հետո Yandex տաքսին հասկանար, որ վնաս է կրում, gg-ին իրենից առաջ է: Ենթադրում եմ՝ այդ ժամանակ gg-ին կառաջարկեր որոշակի գումար Yandex տաքսի ծառայությանը այն գնելու համար:
 Կարծում եմ մեկ ժամ պաթոսով եւ իբր հայրենասիրական տոնով խոսելու փոխարեն, gg-ին պետք է ներկայացներ, թե ապագայում ինչ նորարարությամբ է հանդես գալու, կամ գնային էժանացում սպասվու՞մ է, թե՞ ոչ:
gg-ին այն ընկերությունն էր, որ Yandex տաքսուց ավելի շուտ է մտել շուկա, ունի հաճախորդների մեծ բանակ, ինչը շատ կարեւոր է բիզնեսի զարգացման համար: Բարքեմփի ժամանակ հնչցած ելույթը, կարծում եմ, կոտրեց բանակի մի մասին: Անձամբ ես, գոհ լինելով gg-ի մատուցած ծառայության որակից, մտածում էի հավելվածը ջնջել  բջջայինից:
Ասածս ինչ է՝ մի ստիպեք ինձ օգտվել Ձեր ծառայությունից, եթե այն լավը լինի, շահավետ, ես կօգտվեմ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել