Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը համարում է, որ ԵՄ-ի համար Ռուսաստանի հետ ընդհանուր եզրեր գտնելու ժամանակն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նա ԵՄ-ին կոչ է արել շարժվել պատժամիջոցների փուլային չեղարկման ուղղությամբ։

«Կարծում եմ, որ մենք պետք է աստիճանաբար գանք այնպիսի մոդելի, որի դեպքում Մինսկի արձանագրության յուրաքանչյուր քայլի կատարման դիմաց կհանվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները»,- հայտնել է նա։ Նրա խոսքով՝ դա կդառնա Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման մեկնարկի ազդանշան։

Կուրցը հույս է հայտնել, որ նման ծրագիրը կհամաձայնեցվի միջնաժամկետ հեռանկարում։ Նա հստակեցրել է, որ ԵՄ քաղաքական ներկայացուցիչների շրջանում արդեն տարվում են քննարկումներ առ այն, որ Ռուսաստանի դեմ միջոցառումները սխալ ճանապարհ են։ Նախարարը, սակայն, հավելել է, որ Ռուսաստանն իր հերթին պետք է ընդառաջ գնա ԵՄ-ին։

Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 31-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել