Աշխարհը շարունակում է բախվել զինված հակամարտությունների պայմաններում սեռական բռնության սոսկալի մասշտաբների՝ երևույթ, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվել է կիրակի։
Պան Գի Մունը ողջունել է նկատելի առաջընթացը նման հանցագործությունների արձագանքման գործում։ «Սեռական բռնությունը ներկայում լայնորեն ընկալվում է որպես սոցիալական կարգի ոչնչացման, համայնքների կեղեքման թիրախավորված ռազմավարություն»,- ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ սեռական բռնությունը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոլորտի նորմերի լուրջ խախտում է, ինչպես նաև մեծ խոչընդոտ հաշտեցման և տնտեսական զարգացման գործում։
Հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը հիմնվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2015 թվականի հունիսի 19-ին։



