Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների և արտգործնախարարության տարածած տեղեկություններն այն մասին, թե Բակո Սահակյանը Բրյուսել այցելել է կեղծ փաստաթղթերով: «Վիզաները կեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով իրենց արտգործնախարարությանը և պետական մարմիններին, պարզապես ծիծաղելի է, որովհետև արտասահման, մասնավորապես, ԵՄ երկրներ մեկնելու համար անհնար է կեղծել վիզաներ: Եթե այդ մարդիկ չեն եղել արտասահմանում կամ չեն գնացել դիվանագիտական ներկայացուցչություններ, ուրեմն դա ուրիշ մի խնդիր է, բայց եթե տեսել են այդ գործընթացները, ուրեմն պետք է իմանան, որ այստեղ կեղծիքն անհնար է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը նման ապատեղեկատվություններ տարածում է երկու պատճառով: «Ադրբեջանը զգում է, որ չի կարողանում որևէ բան անել Արցախի հարաբերությունները տարբեր երկրների հետ զսպելու ուղղությամբ: Այսինքն, սա անկարողության դրսևորում է: Եվ երկրորդը` սա պարզապես շանտաժ է: Շանտաժ, որը հիմնականում այսպես կենտրոնացված է մի անհեթեթ պատճառաբանության վրա, թե իբր կեղծում են այդ վիզաները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում և այդ երկրի արտգործնախարարությունում լուրջ խնդիրներ կան տրամաբանության հետ: Այս ամենը մեզ ոչ թե անհանգստացնում է, այլ պարզապես լավ առիթ տալիս ուրախանալու համար և տեսնելու, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



