Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կա աշխատատեղեր ստեղծելու խնդիր: Իհարկե սա ունի առաջնային կարևորություն, սակայն պետք է այնպես անել, որ մեկի լուծումը չառաջացնի այլ խնդիրներ: Այս ամենը հաշվի առնելով՝ նախատեսվել է հաստատել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը, որը բաղկացած է օճառի և օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունից:
Այս արտադրանքները պատահական չեն ընտրվել: Օրինակ օճառի արտադրության մեջ չկան վտանգավոր նյութեր և թափոններ, արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի ժամանակ թափոն չի առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մասն է, որտեղ վտանգավոր լուծիչ չի կիրառվում, արտադրանքը թողարկվում է ջրային հիմքով, որն ինքնին անվտանգ է:
Իհարկե կարելի էր ավելի լայն ցանկ կազմել և լայն արտադրական ծավալների հաշվին աշխատատեղեր ստեղծել, բայց քիմիական արդյունաբերության բնագավառի թույլատրելի գործունեության տեսակների սահմանափակումը միտված է տարածաշրջանի բնությունը և շրջակա միջավայրը դրանցից զերծ պահելուն: Մի կողմից բացառվում են Դիլիջանի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացը, մյուս կողմից` թույլատրվող գործունեության տեսակների միջոցով համայնքի բնակիչների համար ստեղծվում են աշխատատեղեր: