Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը ԼՂՀ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հանդես է գալիս և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, և՛ որպես այս տարածաշրջանին, հակամարտող երկրներին մոտ երկիր, ԼՂՀ հիմնախնդրում նրա նախաձեռնողականությունն էլ դրա հետ է կապված. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով հունիսի 20-ին սպասվող Ալիև-Սարգսյան հանդիպման մասին:
Նա նշեց, որ Ռուսաստանը նաև տարբեր փոխհարաբերություններ ունի ԼՂՀ հիմնախնդրի կողմերի հետ:
Դիտարկմանը, թե մտավախություն կա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ որոշակի պայմանավորվածություններ ունի, այս բանակցությունն ի վնաս Հայաստանի է լինելու, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց. «Անհրաժեշտ է գնահատել նաև երրորդ կողմի պատրաստակամությունը, քաղաքական կամքը, վճռականությունն այս բանակցություններին մասնակցելու: Եթե ժամանակին կային համաձայնություններ Հայաստանի և այլ գործընկերների հետ, դա չի նշանակում, որ Ադրբեջանը համաձայն էր դրանց հետ. խոսքը նրա մասին է, որ պայմանավորվածությունները պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ երրորդ կողմը, օրինակ՝ Ռուսաստանը, կարող է ունենալ իր պատկերացումները, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:
Նա նշեց, որ այս հանդիպումներում Հայաստանը ստիպված չէ որևէ պարտավորվածություն ընդունել, հայկական կողմն ունի իր պատկերացումները բանակցությունները շարունակելու: «Տեսականորեն խոսակցությունները պետք է Վիեննայի պայմանավորվածությունների մասին լինեն. հենց այդ պայմանավորվածությունների վրա պետք է դրվեն հետագա երկխոսությունները»,- եզրափակեց քաղաքագետը:



