Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Պաշտպանի ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, առավելապես անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Օմբուդսմենի հաստատության կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Բացի այդ, քննարկվել են նաևվատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, մարզային ստորաբաժանումների գործունեության ակտիվացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանրության իրազեկմանն ուղղված հարցեր:

Կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` դեսպան Շարպանտիեն հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը

Ընդգծելով  հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը՝ Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր երախտիքն է հայտնել դեսպան Շարպանտիեին՝ մեծապես արժևորելով Ֆրանսիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել