«Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվը Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է, որը 2011թ. ստացել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանը ոչ միայն երկրի առաջատար դպրոցներից է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության բնագավառ:
«Քվանտի» շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ ՄԲ ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որն առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է:
Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 13-ի որոշման Երևանի Բագրատունյաց 23/3 և Բագրատունյաց 23/4 հասցեներում գտնվող անշարժ գույքը և շենքը, որոնց ընդհանուր մակերեսը մոտ 3 հազար 200 քառ. մետր է, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին` պայմանով, որ կազմակերպության ստանձնած 39 մլն դրամի ներդրումը 3 տարում կատարելուց հետո կքննարկվի նշված անշարժ գույքը «Քվանտին» նվիրաբերելու հարցը: Սահմանված ժամկետում «Քվանտը» կատարել է ավելի քան 200 մլն դրամի ներդրում և պարտավորվել առաջիկա 3 տարում եղածին գումարել ևս 15,5 մլն դրամի ներդրում:
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը մշակել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունելու դեպքում «Քվանտը» կստանա իր հանրակրթական խնդիրներն ավելի արդյունավետ իրագործելու հնարավորություն: