Նկատե՞լ եք, թե փողոցում մարդիկ ինչպես են նայում համազգեստ կրող աղջիկներին: Խիստ, զգոնություն առաջացնող,  բայց միևնույն ժամանակ շատ կանացի ու գեղեցիկ այդ աղջիկները հետաքրքրում են բոլորին:

Եվ այսօր BlogNews.am«Համազգեստով աղջիկները» խորագրի շրջանակում Ձեզ համար բացահայտում է 4-րդ /հատուկ/ գումարտակի (ինչպես ժողովուրդն է ասում` «Հրեշտակների գումարտակի») ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սաթինե Թադևոսյանին:

Լրագրողից` ոստիկան

Երբ դեռ երեխա էի, չէի հասկանում այն տղաներին, ովքեր խուսափում էին ծառայությունից և երազում էի մեկնել Իսրայել, քանի որ այնտեղ աղջիկները ևս բանակ են զորակոչվում: Դա մի տեսակ անիրականանալի թվացող երազանք էր ինձ համար: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ընդունվել Ոստիկանության ակադեմիա, բայց ծնողներս դեմ էին: Ստացա բարձրագույն կրթություն լրիվ այլ մասնագիտությամբ, անցա աշխատանքի լրատվական կայքերից մեկում, բայց լիարժեք զգալու համար կարծես մի բան պակասում էր: Աշխատանքս փոխելու որոշումը կայացրեցի հետաքրքիր պատահականության արդյունքում: Միտք ունեինք նոր նախագիծ սկսել. Ծանոթացնելու էին տարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ միաժամանակ 1 ամբողջ օր փորձելով անցկացնել ինչպես իրենք: Առաջին անդրադարձը լինելու էր հենց «Հրեշտակների գումարտակի» հետ: Նախագծից ելնելով՝ ճշտել էի մի շարք մանրամասներ, ինձ գրավել էր այն միտքը, որ կարող եմ օգնել մարդկանց, ինչու չէ, նաև մասնակցել հանցագործությունների կանխմանը:

Ընկերներս չզարմացան, բայց ծողներս անակնկալի եկան

Ծնողներս անակնկալի եկան. Կարծում էին՝ խառնվածքով չեմ համապատասխանում ոստիկանության աշխատանքին, իսկ Իսրայելական բանակ զորակոչվելու ցանկությունը մնացել է մանկական երազանք: Ցանկանում էին, որ իրենց դուստրն ավելի կանացի աշխատանքով զվաղվի: Բավական համառ գտնվեցի, հասա նպատակիս և հպարտ եմ, որ ներկայումս 4-րդ /հատուկ/ գումարտակում եմ: Ծնողներս էլ ժամանակի ընթացքում համոզվեցին, որ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով, լինել  ոստիկանության սպա՝ միաժամանակ մնալով կանացի:Ընկերներս չզարմացան. գիտեին, որ միշտ մի տեսակ բարի նախանձով եմ նայել համազգեստով կանանց, ուստի, երբ որոշում կայացրեցի կտրուկ փոխել աշխատանքս, կողքիս էին:

Ոստիկանի մասնագիտությունն համարվում է «տղամարդու մասնագիտություն կարծրատիպը

Լինելով ուժային կառույց՝ ոստիկանության համակարգում գերակշռում են տղամարդիկ: Հավանաբար հենց այդ պատճառով էլ տպավորություն է, թե սա «տղամարդու մասնագիտություն» է: Իրականում կանանց ներկայությունը ոստիկանությունում առավելություն է, կարող եմ ասել անգամ անհրաժեշտություն. մեր շնորհիվ քաղաքացիներն ավելի զուսպ են: Իսկ համակարգի ներսում ավելի ջերմ մթնոլորտ է ստեղծվում, ավելի հանդուրժող և հարգալից են միմյանց նկատմամբ:  Առաջնայինը ոչ թե կին կամ տղամարդ լինելն է, այլ աշխատանքիդ մաքսիմալ տիրապետելը և ամենևին կապ չունի ոստիկան ես, բժիշկ, լրագրող, թե մանկավարժ:

Ինչպես համադրել ոստիկանի համազգեստն ու կանացի զգեստապահարանը

Համադրելը դժվար չէ, քանի որ երբեք չեմ հրաժարվել կանացի զգեստապահարանից ու արդուզարդից: Փորձում եմ համատեղել համազգեստն ու կանացիությունը:  Ծառայության դուրս եմ գալիս համազգեստով, բատինկաներով, մազերը հավաքած, բայց ծառայությունից դուրս բոլորովին այլ մարդ եմ. թեթև դիմահարդարմամբ, արձակած մազերով, կանացի զգեստներով, երբեմն նաև բարձրակրունկներով: Երևի ոստիկանությունում աշխատելն ինձ ավելի կանացի է դարձրել, քանի որ եթե նախկինում նախընտրում էի սպորտային ոճը, հիմա, օրվա մեծ մասն անցկացնելով համազգեստի մեջ, ծառայությունից դուրս մաքսիմալ աղջկական եմ հագնվում:

Մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին համակարգում ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը, մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին: Համազգեստը միանգամից նկատվող է դարձնում: Սկզբնական շրջանում ավելի հաճախ հանդիպում էինք հետաքրքրասեր, զարմացած հայացքների, այժմ զարմանքը փոքր-ինչ նվազել է. ավելի շատ հիացական հայացքներն են: «Ռեպլիկներ»  լինում են: Հիմնականում շեշտում են, որ բարեհամբույր և ժպտերես եմ: Հետաքրքիր է, որ հատկապես տղամարդկանց կողմից արված հաճոյախոսություններում առանձնացվում է այն միտքը, որ համազգեստը կնոջն ավելի գրավիչ է դարձնում:

Հատկանիշներ, որոնք պետք է ունենա կին ոստիկանը

Չկա այնպիսի հատկանիշ, որը ոստիկան աղջիկը պարտադիր պետք է ունենա և որը չէր ունենա, եթե զբաղվեր մեկ այլ աշխատանքով: Իդեալական մարդ չկա, պարզապես յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր անհատ պետք է փորձի տարիների ընթացքում դառնալ ավելի բարեհոգի, ազնիվ, համբերատար, ներողամիտ և շնորհակալ:

Ոստիկանի մասնագիտությունն ու անձնական կյանքը

Ո՞վ ասաց, թե կին ոստիկանները ուժեղ են: Որքան էլ կինը պատրաստված լինի, ֆիզիկապես ուժեղ, կամային որակներով, միևնույն է, նա կին է...կարծում եմ դրանով ամեն բան ասված է. Կինն իր տղամարդու կողքին պետք է փխրուն, զգայուն  լինի: Ես չեմ վախենում սիրելիիս մոտ թույլ երևալուց, ինձ համար չկա ավելի հաճելի բան, քան վստահությունը, որ թիկունքիս կանգնած է մեկն, ով կպաշտպանի ինձ...եթե անգամ ես ուժեղ եմ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Լուսանկարները` Սաթինե Թադևոսյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել