Tert.am-ը գրում է.
Գուցե Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իսկ դերը ցեղասպանությունում ընդունելու վերաբերյալ Գերմանիայի քվեարկությունը կարող է շատերին զարմանալի թվալ` ինչպես Գերմանիայում, այնպես էլ երկրից դուրս: Բայց Հայոց ցեղասպանությունը «գերմանական» երկար պատմություն ունի: Արդեն հարյուր տարի առաջ՝ 1916 թվականի հունվարին, Գերմանիայի խորհրդարանի օրակարգում դրվել էր Հայոց ցեղասպանության մասին հարցը, The Jerusalem Post-ում գրում է Երուսաղեմի Վան Լեերի ինստիտուտի և Հայֆայի համալսարանի պատմաբան, «Արդարացնելով ցեղասպանությունը՝ Գերմանիան և հայերը Բիսմարկից մինչև Հիտլեր» գրքի հեղինակ Շտեֆան Իհրիգը:
 
Դրանից մեկ ամիս առաջ խորհրդարանի սոցիալիստ անդամ Կառլ Լիբնեխտը գրավոր հարցում էր ուղարկել Գերմանիայի կանցլերին, որտեղ նշել էր, որ «հարյուր հազարավոր հայեր են դաժանորեն սպանվել», և հարցրել էր, թե Գերմանիան կանի՞ մի բան մնացյալ հայերի համար: Խորհրդարանում խուսափողական պատասխան ստանալուց հետո Լիբնեխտը պատասխանել է, որ որոշ փորձագետներ խոսում են «հայերի բնաջնջման մասին»: Նրան հեռացրել են բեմից և խեղկատակի պես վերաբերել:
 
Փակ դռների հետևում, այնուամենայնիվ, Գերմանիայի քաղաքական խավը գիտեր, որ Լիբնեխտը ճիշտ է: 1915 թվականի մայիսից Օսմանյան կայսրությունում գերմանացի դիվանագետները Կոնստանդնուպոլսում իրենց դեսպանատուն և Բեռլին բազմաթիվ նամակներ էին ուղարկում՝ նկարագրելով ընթացող ցեղասպանությունը, նրանցից շատերը խնդրում էին միջամտել և դադարեցնել ցեղասպանությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն այդ դիվանագիտական նամակների հավաքածու է հրապարակել՝ խուսափելու համար Գերմանիային ուղղված մեղադրանքներից: Այդ փորձը չի ստացվել, ոչ պակաս այն պատճառով, որ Գերմանիան կարևոր ոչինչ չէր արել հայերի համար՝ թույլ տալով Օսմանյան ղեկավարությանն իրականացնել ցեղասպանությունը: Բայց դա Գերմանիայում բանավեճ առաջացրեց «հայերի բնաջնջման» մասին, ինչը շարունակվեց մինչև 1923 թվականը:
 
Այս բանավեճը ցնցող շրջադարձներ ունեցավ՝ ի վերջո հասնելով «ազգի սպանության» մեղադրանքի լայնորեն ընդունմանը, միայն ավելի ուշ ծայրահեղական աջ ուժերը, այդ թվում՝ նացիստները շարունակեցին՝ արդարացնելով ցեղասպանությունը: Արդեն այդ ժամանակ որոշ (հրեա) մեկնաբաններ նախազգուշացնում էին Գերմանիայում նացիստների իշխանության օրոք հրեաների համար ցեղասպանության շուրջ այս բանավեճի հնարավոր հետևանքների մասին:
 
Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ բռնության հետ կապված Գերմանիայի սեփական փոփոխվող պատմությունը Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի կապն է: Բայց այս կապը բոլորովին անհրաժեշտ չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, ինչպես և Հոլոքոստի հետ համեմատությունները, որոնք հաճախ անորոշացրել են Հայոց ցեղասպանության յուրահատուկ, ներհատուկ կարևորությունը:
 
Գերմանիայի դիվանագիտական փաստաթղթերը, որոնք առաջինը հրապարակվել են 1919 թվականին և այժմ հասանելի են Der Spiegel-ի նախկին խմբագիր Վոլֆգանգ Գյուստի խմբագրությամբ գերմաներեն և անգլերեն լեզուներով, «ցեղասպանություն» բնորոշման ամենամեծ վկայություններից են: Ցեղասպանությունը մերժողները սովորաբար նախընտրել են պարզապես արհամարհել այս փաստաթղթերի գոյությունը:
 
Այսպիսով՝ 100 տարի հետո Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևով Գերմանիան հայկական թեմայի շուրջ իր սեփական հարյուրամյա կոնֆլիկտի եզրափակումն է գտել: Գերմանիայի խորհրդարանը ոչ միայն քննարկել է մեկ այլ պետության պատմություն, այլև դիրքորոշում է հայտնել իր սեփական հայկական պատմության մասին: Հայոց ցեղասպանությունը որոշ չափով նաև Գերմանիայի պատմությունն է: Այն չի կարող հանձնվել պատմական և պատմաբանական բանավեճերին, այն մեր արյունալի և տրավմատիկ 20-րդ դարի հիմնական իրադարձությունների և թեմաների մասն է:
 
Հայոց ցեղասպանությունը և դրա վերաբերյալ Գերմանիայի տեսանկյունը պետք է մեզ ստիպի վերանայել մարդկության մեր ընկալումը. ի՞նչ է նշանակում այն, որ մարդիկ տեղյակ էին ցեղասպանությունից և զանգվածային վայրագություններից: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ միջպատերազմական Գերմանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լռություն է տիրել, բայց պարզվում է, որ հակառակն է եղել: Եղել է բանավեճ, ցեղասպանության մասին իրական բանավեճ (դրա չափերի, մտադրության և հետևանքների մասին): Ցեղասպանության այս ճանաչումը պետք է մեզ ստիպի քննարկել, թե երբ և որտեղ է սկսվել 20-րդ դարի այս արյունալի դարը: Հայոց ցեղասպանության ժամանակ Արևելյան Անատոլիայո՞ւմ: Լիբիայի ավազներում 1911-1912 թվականներին իտալա-թուրքական պատերազմի ժամանա՞կ, թե՞ Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում հերերոների և հոտենտոտների ցեղասպանության ժամանակ: Պատմականորեն չի՞ եղել լայնածավալ բռնության հետագիծ, որը գաղութային տարածքներից անցել է Միջին Արևելք և Անատոլիա և այդտեղից հետ՝ դեպի Եվրոպա: Խորհրդարանի կողմից ճանաչումը բավական չէ, բայց այն կարող է մեկնակետ լինել անցյալի հետ հաշտվելու համար, որը շատ ավելի լայն, բարդ և արյունալի է եղել, քան հաճախ ենթադրվում է:
 
Եվ այս ամենը Հոլոքոստի նշանակությունը հարաբերական չի դարձնում և չի նվազեցնում Գերմանիայի մեղքն ու պատասխանատվությունը, ընդհակառակը, գրում է Շտեֆան Իհրիգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել