Ուրարտուի դարաշրջանից եթե մի փոքր տեղափոխվենք առաջ ու կանգ առնենք Երվանդունիների արքայատոհմի իշխանության շրջանում, հիմնվելով չափազանց սակավ տեղեկությունների վրա, այդուհանդերձ մեզ կհաջողվի մի քանի եզրակացություններ անել: Նախ Երվանդունիների արքայատոհմի հիմնադրումը պետք է համարել շատ յուրօրինակ պետականամետություն արտահայտող դրվագ, երբ Մարական զորքերի օգնությամբ Ասորեստանի ազդեցության տակ գտնվող Վանի թագավորություն է ներխուժում նախարարներից Սկայորդին և, հեղաշրջում կատարելով, Վանի թագավորության վերջին արքա Սարդուրի 3-րդից խլում է գահը:

Այս դրվագը շատ խորհրդանշական է, երբ այդ գործընթացը կարծես տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ այն պահին, երբ գործող էլիտան արդեն դառնում է անարդյունավետ և հնարավորություն չի ունենում դիմակայելու արտաքին մարտահրավերներին: Նման դրվագներ մենք առաջիկայում էլ կտեսնենք: Կարևոր է այն տարբերել <<դավաճանություն>> երևույթից:

Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին տեղի ունեցած իրադարձություններից առավել ուշագրավը Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ 1-ին Վշտասպյանի դեմ ծավալված ապստամբություններն էին, որոնց մասին սեպագիր արձանագրությունների փոխանցած տեղեկությունները համատարած անիրազեկության մեջ անչափ կարևոր նշանակություն ունեն: Իրանի արևելքում գտնվող Բեհիսթունյան արձանագրություններից իմանում ենք, որ մ.թ.ա. 522-521 թվականներին ապստամբում են Աքեմենյան պարսկաստանի տիրապետության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերը:

Կարևորագույն հանգամանք է այն, որ պարսկական զորքերը կարողացել են Հայաստանի ապստամբությունը ճնշել 5 ճակատամարտից հետո: Հայերի՝ հինգ անգամ ճակատամարտ տալը խոսում է երկրի հզորության, միասնականության ու կայացած ներքին պետական կազմավորման առկայության մասին: Անմիաբան ժողովուրդն անշուշտ չէր կարողանա Աքեմենյան ռազմական մեքենային այդքան երկար դիմակայել: Ապստամբական շարժումը երկրի տարբեր մասերում սատարել է ոչ միայն ժողովուրդը, այլև էլիտան:

Ապստամբության տեղայնացված չլինելու և համահայկական բնույթի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ պարսկական զորքերի դեմ ճակատամարտերը տեղի են ունեցել երկրի տարբեր հատվածներում:

Հետաքրքրական դրվագն է նաև այն, որ Բաբելոնում նույն ժամանակահատվածում ապստամբություն բարձրացնում և Հայաստանի հետ դաշինք է կնքում ազգությամբ հայ Արախան: Սական որոշ ժամանակ անց Արախայի զորքերը պարտություն են կրում պարսկական զորքերից, իսկ ինքը՝ Արախան ցից է հանվում:

Հայտնի պատմաբան Ռաֆայել Իշխանյանը կարծում է, որ նա Բաբելոնում ազդեցիկ դիրքի հասած գործիչ է եղել և Բաբելոնում ապստամբել է Միջագետքի հայկական բնակչության ու Միջագետք մտած հայկական զորքերի օգնությամբ. <<Այսպես հայերը մի հաջողություն ունեցան: Բայց Արաքայի զորքն ի վերջո պարսիկներից պարտվեց: Ինքն՝ Արաքան, գերեվարվեց և դաժան մահապատժի ենթարկվեց: Նա հայ ժողովրդի հերոս զավակն էր, որ զոհվեց իր երկրի անկախության համար>>,- գրում է Ռ. Իշխանյանը:

Մինչդեռ, հայ ժողովրդի միասնականության ետնապատկերի վրա պետք է նկատել, որ Դարեհի դեմ ապստամբել էր նույնիսկ բուն Պարսկաստանը:

Պարսկաստանում տիտղոսակիր ժողովրդի ապստամբություններն ու գահակալական կռիվները բազմաթիվ են եղել: Անգամ հզորության գագաթնակետին գտնվելու շրջանում, Կյուրոսի որդի Կամբյուսեսի օրոք լարված հարաբերություններ են եղել պարսիկ ազնվականության միջև, Կամբյուսեսը սպանել է տվել եղբորը, այնուհետև ինքն էլ դարձել է դավադրության զոհ և այլն:

Քննելով պարսիկ ազնվականության պատմությունն ու այդ շրջանի իրադարձությունները, միևնույն ժամանակ այստեղ չմանրամասնելով դրանք, հարկ է նշենք մի քանի հետևությունների մասին. Առաջին՝ Աքեմենյանների բնորոշ գծերից են եղել գահակալական կռիվները, ինչը խոսում է այդ տոհմի ներկայացուցիչների մոտ ժառանգականության ինստիտուտի ու արքայական տան հանդեպ ծայրահեղ նվազ հարգանքի մասին: Երկրորդ՝ պարսկական իրականությանը բնորոշ է Կյուրես Կրտսերի ապստամբությունը, երբ թագաժառանքը կարող էր եղբոր դեմ օտար զորքեր հրավիրել: Երրորդ՝ Աքեմենյան կայսրության ներսում սովորական եին սատրապների միջև պատերազմները, որոնք բոլորն էլ ներկայացնում էին պարսկական ազնվականությունը:

Երվանդյան Հայաստանի ու Աքեմենյան Պարսկաստանի միջև համեմատությունը թողնում եմ ընթերցողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել