
Starslife.ru-ի փոխանցմամբ՝ դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Սիլվեստեր Ստալոնեն շուտով կկանգնի դատարանի առջև: Պատճառը նրա կողմից այլ մարդու մտավոր սեփականության յուրացումն է:
Խոսքը նոր ռեալիթի շոուի սցենարի մասին է, որը վերջերս սկսել է հեռարձակվել NBC հեռուստաալիքով: Ստալոնեն ծրագրի պրոդյուսերն է, ինչի համար էլ պատասխանատվություն է կրելու դատարանում:
Հայցը ներկայացրել է Ռոբերտ Ֆլետչերը, ով պնդում է որ ինքն է հեռուստատեսությամբ հաջողությամբ հեռարձակված ծրագրի հեղինակը: Ֆլետչերը հայտարարել է, որ երկու տարի առաջ մշակել է «Ամերիկյան լավագույն մարզիչ» շոուն և սցենարը ուղարկել Հոլիվուդի մի շարք մարդկանց, որոնք կարող էին հետաքրքրված լինել նախագծով:
Սցենարը մասնավորապես ստացել են մարդիկ, որոնք սերտորեն շփման մեջ են Ստալոնեի հետ: Ֆլետչերը վստահ է, որ շոուն ունենալու է մեծ հաջողություն, ինչի համար հավակնում է շահույթի մի մասին՝ որպես դրա հեղինակ: Նա ներկայացրել է 7 միլիոն դոլարի հայց: Առայժմ Ստալոնեի կողմը մեկնաբանություն չի տվել այդ կապակցությամբ: