Անընդհատ հնչում են մտահոգություններ, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով Հայաստանը զիջում է իր օդային տարածքը Ռուսաստանին: Նախկինում նույն ոգևորությամբ շահարկվում էր ռուսական ռազմաբազայի հարցը, հիմա էլ սա…
Ես ինչ-որ չեմ հիշում, որ որևէ մեկդ մտքի ծայրով անգամ մտածեք, առավել ևս քննադատեք կամ առհասարակ խոսեք, թե այդ ինչու են եվրոպական, հիմա էլ Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրները հաճույքով և խնդրանքով իրենց տարածքներում տեղակայում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ, տեղադրում հակաօդային պաշտպանության, ռադիոլոկացիոն համակարգեր և հրթիռներ: Այդ երկրներում կարծես վայնասուն չեն բարձրացնում, թե իրենց ցամաքային և օդային տարածքները զիջում են ամերիկացիներին:
Ի՞նչ է ստացվում՝ Ռուսաստանի սպառնալիքը նրանց հանդեպ ավելի իրական և վտանգավո՞ր է, քան մեր՝ հայերիս հանդեպ թուրքականն ու ադրբեջանակա՞նը:
Վերջ տվեք ճամարտակությանն ու շահարկմանը՝ ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում, և մենք կունենանք արդիական հակաօդային պաշտպանություն, որը բնականաբար՝ ռուսական բազայի առկայության պայմաններում անհրաժեշտ է և միանգամայն տրամաբանական:
Եվ ի վերջո հերիք է խոսեք Ռուսաստանից կախվածության մասին…Ինչ է, նոր զգացի՞ք դա…
Այո′, կախված ենք և′ Արևմուտքից, և′ Ռուսաստանից, և′ մթնոլորտային տեղումներից՝ կարկուտից ու անձրևից…Եվ պատկերացրեք նաև թուրքական ու ադրբեջանական քոչվորների յաթաղանի վտանգից…
Ամբողջ Եվրոպան է կախված Միացյալ Նահանգներից, ՆԱՏՕ-ից ու նույնիսկ Էրդողանից…
Կախված ենք, որովհետև մենք 90-ականներին միակն էինք, որ էլի հապշտապ ավերեցինք, քարուքանդ արեցինք գործարանները, տնտեսությունները, ատոմակայանը, վաճառեցինք ու ձրի սեփականաշնորհեցինք ամեն ինչ, ստեղծեցինք կոռումպացված, մենաշնորհային, կլանային համակարգ և չգիտես ինչու այդ մասին հիշեցինք ու սկսեցինք թմբկահարել միայն բոլորովին վերջերս:
Այո′, մենք դեռ թույլ, չզարգացած երկիր ենք, իսկ թույլին՝ ինչպես աղքատ մարդուն, օգնող, օժանդակող է պետք, բարեգործ ու հովանավոր, որպեսզի հզորանաս…Իսկ մեզ պետք է նաև պաշտպանվել մեր հարևան թշնամական երկրներից:
Այսօր Սիրիան, որը մեզանից ավելի լավ աշխարհագրական դիրք ունի, ավելի մեծ է և′տարածքով, և′բնակչության թվով, և′ տնտեսական հնարավորություններով, քայքայվել է և կործանվում է, դարձել է Թուրքիայի զինված ուժերի ուսումնավարժական պոլիգոնն ու զինատեսակների փորձարկման մարտադաշտը: Եվ լավ է, որ ռուսների օգնությամբ կարծես փորձում են կարգավորել իրավիճակը…
Վերջ տվեք <<Ջերմուկով>> երկիրը պահելու մանկական հիվանդության մակարդակի պատրանքներին ու չկշռադատված մեծամիտ հոխորտանքներին: Կյանքն ավելի դաժան է, անարդար ու խիստ իրատեսական…
Կամ պետք է շատ ուժեղ լինես կամ էլ ունենաս հզոր բարեկամներ, ուժեղ հովանավորներ և փորձես արագ հզորանալ…
Հերիք եղավ անընդհատ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ սարքենք: Մենք երկրում ավելի լուրջ և կարևոր խնդիրներ ունենք, որից կախված է մեր Հայրենիքի և Ժողովրդի ապագան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել