
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գեյ ակումբի վրա հարձակված Օմար Մատինը պատանդներ վերցնելու պահին աջակցություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև բոստոնցի ահաբեկիչներ Ցարնաև եղբայրներին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հաղորդել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին:
Վերջինիս խոսքով՝ հարձակվողը երկու անգամ զանգահարել է 911 ծառայություն: Մարտինը հայտարարել է, որ հանցագործությունն անում է ԻՊ-ի առաջնորդի համար և նրան հավատարմության երդում է տալիս:
«Նա նաև համերաշխություն է հայտնել Բոսթոնյան մարաթոնի կազմակերպիչներին, և այն մարդուն, որը Սիրիայում ահաբեկչություն է իրականացրել»,-ասել է նա:
ՀԴԲ-ի տնօրենը նաև հայտնել է, որ ահաբեկչի նկատմամբ երկու անգամ քննություն է իրականացվել: Դրանց ընթացքում տղամարդը հայտարարել է, որ հանդիսանում է «Ալ-Կաիդայի», ինչպես նաև շիական «Հըզբոլլահ» շարժման անդամ: Հատուկ ծառայությունները չեն կարող հստակ նշել, թե այդ բոլոր խմբավորումներից որն է ազդեցություն ունեցել հանցագործի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 49, վիրավորվել 53 մարդ: