ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում քննարկվել է Հարկային օրենսգիրքը, քննարկումները շարունակվում են նաև այսօր մեկնարկած արտահերթ նիստի ընթացքում: Հարկային օրենսգրքի վերաբերյալ բավականին կոշտ ու ծայրահեղական կարծիքներ հնչում էին դեռևս ԱԺ-ում հարցի քննարկումից առաջ, այն իր ամբողջական պատկերն ստացավ խորհրդարանում:
Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին հարցեր տալու համար գրանցվել էր քսանից ավելի պատգամավոր, սակայն տարօրինակն այն է, որ գրացվածների մեջ մեծ թիվ էին կազմում հատկապես ՀՀԿ ծերակույտի և գործարար սեկտորի հետ առնչվող (ավելի ճիշտ բիզնեսով զբաղվող) պատգամավորները: Այլ նիստերի ժամանակ, քննարկվող հարցերը որքան էլ կարևոր լինեն, նրանց դժվար է գտնել նիստերի դահլիճում:
Օրինակ՝ Հակոբ Հակոբյանը (Կիլիկյայի Հակոբ), ով, ի դեպ, բավական ակտիվ մասնակցել է նաև հանձնաժողվում հարցի քննարկմանը, հայտարարեց, թե ինքն առաջին ընթերցմանը կքվեարկի ձեռնպահ: Պատգամավորի կարծիքով՝ հարկային այս փոփոխությունները ոչ մի օգուտ չեն բերելու:
Այս քննարկումներին պատգամավորների նշված բլոկի ներկայացուցիչների ակտիվացումից ակնհայտ է դառնում, որ նրանք հետագայում չեն կարողանալու օգտվել արտոնություններից, որը մինչ այդ թաքնված է եղել, իսկ որոշ դեպքերում բացահայտ ունեցել են:
Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ պատգամավորների բիզնես շահերը թույլ չեն տալիս կառուցողական քննարկում իրականացնել, նրանք բացահայտ գործում են ըստ իրենց բիզնես շահերի: