Tert.am-ը գրում է.

Հայ հասարակության մեջ մեծացող հակառուսական տրամադրություններն օբյեկտիվ պատճառներ չունեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը:

Քառօրյա պատերազմից հետո սրացող հակառուսական տրամադրությունները, որոնց նպաստեցին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտնի հայտարարությունները, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, 200 միլիոն դոլարի մատակարարվելիք սպառազինության պայմանագրի չկատարումը և այլն, Ալեքսանդր Սոբյանինի համոզմամբ, բացասական ազդեցություն ունեցող պատճառներ չեն:

«Հայաստանում հակառուսական տրամադրությունների հետևում կանգնած են ուժեր, որոնք իրենց բնույթով հակառուսական են: Կան այլ կարծիքներ, աջակցող դիրքորոշումներ և չի կարելի ասել, որ հակառուսական ուժերը, որոնք տարածում են այս ամենը, իրականության հետ կապ ունեն»,- շեշտեց Ալեքսանդր Սոբյանինը:

Քաղաքագետի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն  ավելի շատ է մատակարարել, քան՝ Հայաստանին, բայց ՀՀ-ում կան մեծ ծավալներ:

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին խիստ կոնյուկտուրային է, քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է զենքին, որը Հայաստան չի մատակարարվել, դրա պատճառները կարող են տարբեր լինել: Այս հարցը չունի նեղ հայկական առանձնահատկություն: Ռուսաստանը զենք է մատակարարում ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին էլ: Այնպես որ կարծում եմ, որ սա օբյեկտիվ պատճառ չէ՝ հակառուսական տրամադրության սրացման համար»,-ընդգծեց Սոբյանինը:

Հարցին՝ այնուամենայնիվ, առկա հակառուսական տրամադրությունները չե՞ն անհանգստացնում ՌԴ իշխանություններին, Ալեքսանդր Սոբյանինը բացասական պատասխան տվեց: Քաղաքագետը շեշտեց՝ ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղը մեծ հարգանքով, երախտապարտությամբ է մոտենում Ռուսաստանի գործադրած ջանքերին՝ քառօրյա պատերազմը կանգնեցնելու, կողմերի միջև հրադադար կնքելու միջնորդությունն իրականացնելու համար:

«Հակամարտության գլխավոր դերակատարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Իսկ Ստեփանակերտը Ռուսաստանի ջանքերին դրական է մոտենում՝ ի տարբերություն Երևանի»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ Ադրբեջանում ու Հայաստանում էլ քառօրյա պատերազմից հետո նույնանման հակառուսական տրամադրություններ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել