Տարբեր երկրներ իրենց պետության անկախության համար տարբեր սիմվոլներ են կերտել, որոնք մինչև այսօր պահում ու ասոցացնում են պետականության ստեղծման հետ: Դրանք կարող են լինել տարբեր նշաններ, հուշարձաններ: Օրինակ Ղազախստանի անկախության համար կանգնեցվել է հուշարձան ոսկե մարդու տեսքով, որն ունի իր յուրահատուկ բացատրությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության սիմվոլն էլ ըստ ԱԻՄ-ականների Պարույր Հայրիկյանն է: Դե երևի մենք հաջողակ մարդիկ ենք, քանի որ մեր անկախության սիմվոլին ոչ միայն տեսել ենք մեր աչքերով, այլ նաև հնարավորություն ունենք նրա հետ սոցկայքերով շփվել, ամեն օր կարդալ ՀՀ անկախության սիմվոլի գրառումներն ու մտքերը: Ինչևէ
Այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ ներկա էր նաև Հայրիկյանը:Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր «Այսօր Հայաստանի իշխանությունների պատճառով հայ մարդը հայտնված է լուսանցքից դուրս, ոչ միայն լուսանցքում, այլև լուսանցքից դուրս»:
Այս մտքի բովանդակությանը չանդրադառնալով՝ ուզում եմ մի բան նշել: Պարույր Հայրիկյանը առնվազն մեծ կամքի ուժ ունի, որ տեսնելով, թե ինչպես են իրեն վերաբերվում, ինչպես են իրեն ընկալում հանրայի դաշտում ու նորից շարունակում է նույն ոգով կոչերն ու գործունեությունը: Ավելի շուտ ոչ թե հայ մարդն է ինչ որ տեղ հայտնվել, այլ հենց Հայրիկյանն է իր ֆեյսբուքյան ստատուսների պատճառով հայտնվել լուսանցքից դուրս ընդ որում ոչ միայն սոցկայքերի, այլ ընդհանրապես ՀՀ քաղաքական ու հասարակական կյանքի:
Արդյո՞ք Հայաստանում մի նորմալ մարդ մնացել է պարոն Հայրիկյան, թե՞ բոլորս չեկիստներ ԿԳԲ-շնիկներ ու կրեմլյան ստրուկներ ենք: Ահա այս մոտեցումն է Հայրիկյանին դուրս մղել բոլոր լուսանցքներից: