Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է տրվել Թուրքիայի ճնշմանը և աջակցել այդ երկրի բնակիչների համար շենգենյան վիզաների վերացմանը՝ չնայած ԵՄ պայմանները կատարելուց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարվելու հանգամանքին: Այդ մասին գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական նամակագրությունը:
Վերջին շաբաթների ընթացքում սրվել է այդ հարցի շուրջ Թուրքիայի և Եվրամիության միջև վեճը: Էրդողանը հրաժարվել է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի մասին խիստ օրենքները, որոնք օգտագործվել են գիտնականների և լրագրողների հետապնդումների համար, մինչդեռ դա եղել է առանց վիզայի ռեժիմի տրամադրման համար նախապայման:
Դիվանագիտական նամակում, որի բովանդակությունը հայտնի է դարձել լրատվամիջոցին, Սեբաստյան Վուդը նշել է, որ Մերկելի գրասենյակում պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի վերաբերյալ «փոխզիջումային ձևակերպման»:
Իր հերթին՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը նախազգուշացնում է, որ եթե տեղի չունենա վիզային ռեժիմի ազատականացումը, դա կզայրացնի Էրդողանին, և նա կբացի դեպի Եվրոպա ներգաղթյալների համար ճանապարհը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները սրվել են նաև հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/13/ankara/2048336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



