Araratnews.am-ը գրում է.
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ-ից պահանջվում է ինչպես համերաշխության դրսևորում, այնպես էլ այդ երկրի հասցեին քննադատության արտահայտում:
Ընդգծելով մամուլի և խոսքի ազատությունը ոտնահարելու անթույլատրելիությունը` Տուսկը միաժամանակ նշել է Թուրքիայի կարևորությունը` որպես ԵՄ գործընկեր միգրացիոն ճգնաժամի լուծման գործում, ինչպես նաև երկրում բարդություններն ահաբեկչությունների հետ կապված իրավիճակում, որոնք ամեն շաբաթ տեղի են ունենում Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ ոչ ամուր սահմանների մոտ։
«Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք Թուրքիայի հանդեպ դրսևորել և՛ համերաշխություն, և՛ քննադատություն»,- ընդգծել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահը նաև նշել է, որ չպետք է Գերմանիային համարել միակ պետությունը, որը բախվել է միգրանտների հետ կապված ճգնաժամի խորացմանը:
«Մյուս պետությունները նույնպես, կախված իրենց բնակչության թվաքանակից, ընդունել են ոչ պակաս թվով միգրանտներ: Գերմանիային միայնակ չեն թողել, և չպետք է Գերմանիային` որպես միակ զոհ ներկայացնել; Դա նույնքան սխալ է, որքան Գերմանիային մեղադրել միգրացիոն ճգնաժամի պայմաններում բաց սահմաններ ունենալու համար»,- ասել է Տուսկը` հավելելով, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին բանակցությունների ընթացքը կախված է Անկարայի կողմից ԵՄ պահանջների կատարումից։



