Եթե Նժդեհի գաղափարներն իր ժամանակի հետ համահունչ և պիտանի են եղել, ապա հիմա ժամանակավրեպ են - էլ չեմ ասում` վտանգավոր: Արձանը դնելն էլ է ժամանակավրեպ: Այն պետք է 25 տարի առաջ տեղադրվեր իր անվան հրապարակում - մեր պատմության ամենանշանակալից շրջանում: Այսօր Նժդեհի արձանը հսկա քննարկումների և շահարկումների նյութ է, բայց ոչ նրա գաղափարները: Նույնիսկ 20-25 տարի առաջ կարելի էր նրա արձանով և գաղափարներով ոգեշնչվել, բայց` ոչ այսօր: Վստահ եմ, որ գրառումս կարդացողների մեծ մասը կամ ծանոթ չեն նրա գաղափարախոսությանը, կամ էլ ծանոթ են, բայց բավարար չափով չեն ըմբռնել և չեն վերլուծել դրա ազդեցությունը` ըստ ժամանակների ու հանգամանքների:
Եթե այսօր Նժդեհյան գաղափարախոսությունը իսկապես որդեգրենք, ապա մի շնչով կկորենք: Լավ է, որ հիմնականում թե դրանից լուր չունենք, թե կամ կարևորություն չենք տալիս, այլ միայն այն պահում ենք ձևի մեջ - բովանդակությունից հեռու:
Չգիտեմ ու չեմ ուզում իմանալ, թե կոնկրետ ինչ հիմնավորումով են ռուսները բացասական արձագանքել Նժդեհի արձանի տեղադրմանը, քանի որ իրոք ինձ համար դա կարևոր չէ, բայց արձանի շրջակայքում արդեն տևական ժամանակ է փաստացի ցեղը սպանում է ցեղին և թքած ունի "ցեղակրոնության" վրա:
Բոլոր գաղափարները, որոնց առանցքում "կրոն" կա - դատապարտված են: Ավելին. "կրոն" կոչվածը պատ է և չի թողնում մարդկային բանականությունը պատից այն կողմ անցնել: Իսկ քանի որ պատի ետևում է աշխարհը, ապա աշխարհից կտրված մնալն անխուսափելի է:
Այսօր ազգային հերոս կարող է դառնալ նա, և ում արձանը պետք է ամենախոշոր չափով կառուցել - ով կկարողանա պայքարել և հաղթել անօրինականություններին, հատկապես` կոռուպցիային: Ֆրանսացի մեծ փիլիսոփան ասել է` մոտավորապես այսպես. "Երջանիկ և ապահով ապրելու համար հարկավոր է ցանկություններդ ու երազանքներդ տեղավորել օրենքի սահմաններում" :
Երեկ չգիտեմ, բայց ԱՅՍՕՐ պետք է լինել "ՕՐԻՆԱՄՈԼ", այլ ոչ թե որևէ կրոնամոլ - հատկապես` "ցեղակրոնամոլ", և "Ցեղը" կմնա վտանգներից հեռու: Սա է պետություն, հայրենիք և մշակույթ ունենալու և պահպանելու միակ ուղին: Մնացած բոլոր գաղափարները պարզապես ազատ ժամանակների զբաղմունք են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել