ՄԻԱԿ քարտուղար |
Մենք կարող ենք և իրավունք ունենք, որպես մեր երկրի պատասխանատու քաղաքացիներ կարծիք արտահայտել ցանկացած երևույթի և իրադարձության վերաբերյալ: Այստեղ որևէ խնդիր, ըստ էության, չկա: Ամեն ինչ տեղավորվում է այն սկզբունքների մեջ, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:
Սակայն երբ այդ կարծիքները, տարաբնույթ շատ վառ երևակայություն արտահայտող «մտքի գոհարները» մեծ ծավալով սպրդվում են լրահոս, ու որոշ արկածախնդիր մարդիկ էլ «տիրաժավորում» են դրանք, ապա բոլոր հիմքերը կան մտածելու, որ այդ իրավունքը որոշ մարդիկ ուղղակի չարաշահում են: Ասվածը վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին և այդ զազրելի իրադարձության որոշ, մեղմ ասած, անպատասխանատու տեսակետներին: Դավադրությունների, երկնային ու երկրային անոմալիաների և կատաստրոֆաների տեսությունների հետևորդ մեր ընկերներին ընդամենը կոչ կանեի այս պահին ձեռնպահ մնալ ինքնադրսևորման ոչ այնքան պատեհ առիթից և մտածել ամենակարևորի մասին. աղոթել Աստծուն, որ մեր քաղաքական պայքարի առաջամարտիկներից մեկը` Պարույրը, շուտափույթ ապաքինվի: