Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համախոհների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն ու որոշ անդամներ այսօր հայտարարել են կուսակցությունը լքելու մասին: 

Պարզվում է՝ ՔԿ-ն որոշում է կայացրել կուսակցության Վանաձորի կառույցը լուծարել դեռ 2 շաբաթ առաջ:

ՔՊԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանն ու այլ անդամներ իրենց այսօրվա հայտարարության մեջ մասնավորապես ասել են, որ իրենց հեռանալու պատճառը անհամաձայնությունն է «վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը»:

ՔՊԿ վարչությունը Վանաձորի կառույցին մեղադրել է, որ տարածքային կազմակերպության խորհրդի անդամները, մյուս ընդդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ, և դա ներկայացվել է, որպես «ծրագրային և կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն», այնինչ, ըստ վանաձորցիների, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը, նույն կանոնադրության համաձայն և օրենքով նախատեսված կարգով տարածքային կազմակերպությունների խորհուրդների իրավասության հարցեր են:

ՔԿ-ին դուր չի եկել նաև, որ տարածքային կառույցի վերահսկող Մետաքսյա Դավթյանի ամուսինը` Մենուա Բրուտյանը, ով անկուսակցական է, համաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին հանդես գալ որպես «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու:

«Նույնիսկ եթե ինչ-որ քննարկումներ եղել են, որը որևէ մեկը չի ժխտում, դրանք եղել են հանուն Վանաձորի բնակիչների և կուսակցության շահերի, որի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և ոչ ոք այդ մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել: Եվ ի վերջո, եթե նույնիսկ տարածքային կազմակերպության որևէ անդամ, որևէ պահի խախտել է կանոնադրությունը, այն չի կարող հիմք հանդիսանալ վարչության կողմից, տարածքային կազմակերպության լուծարման համար»,-հայտարարել են ՔԿ նախկին անդամները:

«Այս օրերի ընթացքում վարչության անդամներն ունեին հնարավորություն վերանայել և  չեղարկել այդ անհիմն և անօրինական որոշումը: Ստեղծված իրավիճակում չենք տեսնում կուսակցության ներսում առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ վարչության առերևույթ հանրապետականից չտարբերվող աշխատելաոճի պայմաններում անիմաստ ենք համարում մեր անդամակցությունը»,- հայտարարել են Վանաձորի կառույցի նախկին անդամները:

Միևնույն ժամանակ ՔԿ նախկին անդամները ողջունել են «Ալյանս» կուսակցության կողմից առաջարկող դաշինքի գաղափարը և կոչ են արել ընդդիմադիր բոլոր կուսակցություններին համախմբվել մեկ դաշինքով ընտրություններում հանդես գալու գաղափարի շուրջ:

ՔՊԿ Վանաձորի տարածքային կառույցի նախկին ղեկավար Անդրանիկ Սերգոյանը մեր հարցին ի պատասխան հերքեց, թե ՔԿ-ն լքածները հնարավոր է միանան «Ալյանս» կուսակցությանը. «Ոչ, նման գործընթաց չկա»:  

ՔԿ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Վանաձորի կառույցի ներկայացուցիչների հայտարարությունը՝ ասելով. «Հետագայում, եթե մեկնաբանության անհրաժեշտություն լինի, կանենք: Մենք Վանաձորի կառույցը 2 շաբաթ առաջ լուծարել ենք՝ նաև կանխատեսելով հետևանքները: Կուսակցությունը շատ ավելի կարևոր գործեր ունի, այդ խնդիրը մեզ համար լուծված է»:

Կուսակցության տարածքային կառույցից ավելի՞ կարևոր գործ ունեք՝ հարցին պատասխանեց. «Իրենց առաջ քաշած խնդիրները մեզ համար կարևոր չեն»:

Այդուհանդերձ ՔԿ-ն պատրաստվում է մասնակցել Վանաձորի ընտրություններին. «Այո, մասնակցելու ենք և առաջիկայում այդ մասին կհայտարարենք և ցուցակը կներկայացնենք, և թե ոնց ենք պատրաստվում քարոզարշավին մասնակցել: Նախնական ունենք մի քանի թեկնածուներ, որոնց մասին կխոսենք առաջիկայում»,-ասաց ՔԿ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել