Եթե Ս. Սարգսյանն իսկապես համոզված էր, որ սկուտեղի վրա է մատուցվել բացառիկ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչպես ասել էր մի քանի օր առաջ, պիտի շրջահայաց լիներ այնքան, որ իրեն ենթակա ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ հնարավոր գաղտնի ծառայությունները իսկապես հսկեին իրադրությունը՝ առանց թեկնածուներին նեղություն տալու, որ տեղի չունենար այն, ինչ եղավ Հայրիկյանի հետ: Իր քարոզչական նշանաբանի համատեքստում` առավել եւս: Գուցեեւ հսկել են, բայց գործից շուտ են գնացել տուն:
Սակայն ստացվեց սովորական պատմություն: Ուրեմն կա՛մ Ս. Սարգսյանը իրադրություն գնահատելու հարցում լուրջ դժվարություներ ունի եւ մոլորության մեջ էր՝ կարծելով, թե ամեն ինչ հալած յուղի պես է հոսելու, եւ ինքն իրեն ժամանակից շուտ է հաղթած համարել «բացառիկ լեգիտիմ» ընտրություններում, կա՛մ մահափորձի կազմակերպիչները ուզեցին ապացուցել, որ Ս. Սարգսյանը դժվարություններ ունի երկրում ապահովություն իրականացնելու: Բացառված չէ, որ երկուսը մեկտեղված են այստեղ:
Կազմակերպիչները, շատ լավ հասկանալով, որ իր վարչաքրեական մեքենայով, միեւնույն է, Սարգսյանը վերստանալու է իր պաշտոնը, երեւի գտել են, որ գոնե «Մարտի 1»-ի նման մի զզվելի եւ պատմական կեղտ նորից վերջինիս վրա թողնելը այն հնարավորն է, ինչ կարելի է անել այս միջոցին` առանց երեւելի ջանքերի, գուցեեւ հատուկ այնպես կրակելով, որ կենսական օրգանները չվնասվեն այն տուժողի, ով իր վարկանշով ակնհայտորեն զիջում էր երկու այլ ընդդիմադրի, եւ որի վարկանիշը այսպես, թե այնպես աճելու է այս դեպքից հետո:
ՀՀԿ առաջապահները գիշերը դառել էին բուժքույր, բժիշկ, պրոֆեսոր, ոստիկան, պահապան, հրեշտակ, մարգարե, իմաստուն եւ այլն: Տեսնես ի՞նչ է ասելու Սարգսյանը Հայրիկյանի ականջին, երբ այսօր այցելի վերջինիս: Իսկ ի՞նչ է լսելու Հայրիկյանից: Մենք չենք լսելու, որովհետեւ հիվանդանոցը մոտ 5 կմ շառավղով շրջապատված ու խցանված է լինելու հատուկ ծառայությունների մարդկանցով ու մեքենաներով, բժշկական անձնակազմը այդ միջոցին 95 տոկոսով փոխված է լինելու, խալաթավոր գործակալներ, ծպտյալ գեբեշնիկներ, Գորիկն էլ գուցե վիրաբույժ լինի եւ այլն: Որ մարդը ապահով գա, ապահով գնա, ի՞նչ իմանաս:
Առողջություն Հայրիկյանին, եւ բարի ազատում ամենքիդ այս տեսակ «ապահով» Հայաստանից: