Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև 55 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնություն է կայացվել: Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի որոշ շրջաններում տնտեսությունը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:
Ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից և բաղադրիչներից: Գորիսում և Մեղրիում, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններ հանդիսացող Տաթև, Արենի և Տանձաթափ գյուղերում նախատեսվում է իրականացնել զբոսաշրջային երթուղու մշակում և ժառանգության հանգույցի վերականգնում: Տաթևը Հայաստանի համար զբոսաշրջային կարևոր կենտրոն է, որի դերն ու նշանակությունն ավելի մեծացավ ճողպանուղու կառուցումից հետո: Հարկ է նկատել, որ, Տաթևից բացի, անհրաժեշտ է բարեկարգել ու զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնել նաև մարզի այլ համայնքներն ու հարակից տարածքները:
Մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների ճակատային հատվածների բարեկարգման, տեղեկատվական կենտրոնների, հասարակական զուգարանների, սրճարանների, հյուրանոցների կառուցման արդյունքում տեղացիների համար կբացվեն նաև աշխատատեղեր:
Գառնու տաճարի և կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և քարանձավի, ինչպես նաև Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգություն հանդիսացող վայրերի շինարարական և վերակառուցման անհրաժեշտ աշխատանքների կատարման համար նույնպես նախատեսվում է որոշակի գումար տրամադրել: