Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման մասին օրենքի ընդունումն ուղղված է երկրի քաղաքական կյանքից կուսակցության հեռացմանը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է պատգամավորների անձեռնմխելիության վերացման մասին սահմանադրական օրենքը: Այն այսօր ուժի մեջ է մտել պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո:

ԺԴԿ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ գործարկվել է հակասահմանադրական մեխանիզմ, որն ուղղված է ԺԴԿ-ին ու նրա պատգամավորներին խորհրդարանական ժողովրդավարական գործընթացից բացառելուն:

«Մենք այն դիտարկում ենք որպես 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ԺԴԿ-ի հաջողության հիշաչար վրիժառություն, ինչն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) խանգարել է ձևավորել միակուսակցական կառավարություն և խոչընդոտել է նախագահական համակարգի ճանապարհին Էրդողանի հավակնություններին:

Էրդողանը օրինագիծը հավանության է արժանացրել այն բանից հետո, ինչ իր հրամանով նախորդ շաբաթ կադրային փոփոխություններ կատարեց դատական համակարգում, որոնք առնչվել են ավելի քան 3000 դատավորի ու դատախազի:

Մենք կասկածում ենք, որ Էրդողանը օրենքը վավերացրել է դատական համակարգում անհրաժեշտ միջոցներ ընդունելուց հետո, որպեսզի նա կարողանա վերահսկել պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու դատական գործընթացը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել