ՀՀ կառավարության ս.թ. հունիսի 9-ի նիստի որոշումներից մեկի նախագծի ընդունումը թելադրված է Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզի մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվեցին մայիսի 23-ի ուժեղ կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Առաջիկայում հնարավոր վնասից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռք բերել և տեղադրել 36 մլն դրամ արժեքով 12 հակակարկտային կայան: Եվս 3 մլն դրամ է անհրաժեշտ Փարաքարի 160 աշակերտով դպրոցի տանիքի նորոգման համար:
ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 12-ի որոշման պահանջին համապատասխան Արմավիրի մարզպետարանը շարունակում է Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքը: 36 ընտանիքի պայմանագրերի նոտարական վավերացման համար անհրաժեշտ 2 մլն 376 հազար դրամը նույպես կառավարությունը նախատեսում է վճարել իր պահուստային ֆոնդի հաշվին: Մարզի հիմնախնդիրների լուծմանը միտված համապատասխան որոշման նախագիծը կառավարության հունիսի 9-ի նիստի օրակարգում է: