Tert.am-ը գրում է.
Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը մշտապես հանդես է գալիս լոյալ, երբեմն՝ պրոթուրքական ու անգամ` կոմֆորմիստական կեցվածքով։ Վերջին ամենաթարմ օրինակը 2015 թ. ապրիլի 24-ին էր, երբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում աշխարհի բազում քաղաքներում պետք է ղողանջեին հայոց եկեղեցիների զանգերը, իսկ Թուրքիայում չղողանջեցին: Փոխարենը, նա խոսեց Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի ու թուրքերի համատեղ տանջանքների մասին ինչ-որ բաներ:
Tert.am-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ նկատելով. «Թուրքիայի համար վատագույն ժամանակներում` 20-րդ դարի 60-ականներին, երբ երկրի ղեկին զինվորականությունն էր, ունեցել ենք պատրիարք, որն այդ Թուրքիայում համարձակություն է ունեցել Հայկական հարցի շուրջ իր տեսակետը հայտնել, այլ ոչ թե Թուրքիայի իշխանություններին սիրաշահել»:
Խոսքը Շնորհ արքեպիսկոպոս Գալստյանի մասին է, որն ասել էր հետևյալը. «Մինչև 1915 թվականը իմ գերդաստանը 70 հոգուց էր, դրանից հետո մնացել էինք ես և մայրս, որին կնության տվեցին մահմեդականի: Եթե չի եղել Ցեղասպանություն, ապա հարցնում եմ` որտե՞ղ եմ իմ գերդաստանի անդամները»:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, «Ձերդ գերազանցություն» դիմելաձևով նամակ էր գրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրան տեղեկացրել, թե հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից` նկատի ունենալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը:
«Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»,- ասել էր փոխանորդն ու ավելացրել՝ «որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»։
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ նշեց, որ թեպետ հասկանում է Պոլսո հայոց կաթողիկոսության տեղապահի զգայուն վիճակը, սակայն չի ընդունում սույն վարքագիծը:
«Որևէ մեկը նրան կոչ չի անում հանդես գալ Թուրքիան դատապարտող ելույթներով, պահանջատիրական հայցերով, բայց նաև կարող է իրեն զուսպ պահել և հանդես չգալ թուրքական տեսակետն աջակցող քայլերով: Ու սա առաջին դեպքը չէ»,- ասաց քաղաքագետը:
Շարունակելով իր միտքը` Արա Պապյանը նկատեց, որ, ի վերջո, արքեպիսկոպոս Աթեշյանը պատասխանատու չէ այլ երկրների խորհրդարանների գործունեության համար, պատասխանատու է միայն Թուրքիայում քրիստոնյա հայ համայնքի համար։
«Հետևաբար հասկանալի չի նրա դիրքորոշումը, ինչո՞ւ է մեջ ընկնում, ավելին` եթե նա կարծում է, որ Գերմանիայի կողմից նման բանաձևը վտանգում է հայ համայնքը, ինչպես մեկնաբանել էին Մայր աթոռից, նշանակում է, որ ինքն ընդունում է, որ Թուրքիան հետադիմական երկիր է, որի քաղաքացին կարող է հալածվել զուտ այն պատճառով, որ ազգությամբ հայ է ու կրոնով` քրիստոնյա ու պատասխանատվություն կրի ուրիշ երկրների, տվյալ դեպքում՝ Գերմանիայի օրենսդիր մարմնի գործունեության համար»,-մեկնաբանեց Պապյանը:
Այսինքն` ըստ նրա, Աթեշյանն իր այդ քայլով շատ ավելի վարկաբեկում է Թուրքիային։
Հիշեցնենք, նաև որ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդի սույն հայտարարությունները խորը վրդովմունք են առաջացրել հայության շրջանում. ԱԺ-ում նույնիսկ սա որակվեց որպես ազգային խայտառակություն ու բարձրաստիճան հոգևորականին կարգալույծ անելու կոչ հնչեց։ Իսկ Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» պարբերականը բաց նամակ հղեց, որում ասվում է. «Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը Ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձևակերպումը վիրավորանք է զոհերի և ողջ մնացածների հասցեին»:
Արա Պապյանն այս համատեքստում նկատեց, որ Թուրքիայում Հրանտ Դինքից հետո էլ կան բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես հայ, այնպես էլ թուրք կամ քուրդ, որոնք Հայոց ցեղասպանության հարցում հանդես են գալիս խիզախ դիրքորոշումներով, որովհետև՝ «Ի վերջո, սա մարդու իրավունքների, արդարության, պատմական ճշմարտության հարց է»:
Արա Պապյանը նկատեց` «Պատրիարքներ են եղել, որոնք ժամանակին սպանվել ու անգամ մաշկազերծ են եղել իրենց դիրքորոշումների համար, որովհետև, ըստ նրա, պատրիարքը, հոգևորականը պետք է պատրաստ լինի ինքնազոհման»:
«Մինչդեռ Աթեշյանի մասին մամուլից վերջերս տեղեկանում ենք, որ 500 հազար դոլարանոց բնակարան է գնել»,- նկատեց Պապյանն ու այս առնչությամբ հիշեց հայտնի ճշմարտությունը, որ միայն Հայաստանում կարող է Անիի անկման հիմնական մեղավոր Պետրոս Գետադարձ կաթողիկոսը մնալ սրբերի դասում:



