Tert.am-ը գրում է.

Շատ մարդիկ չեն կռվում, որ Հայաստանի Հանրապետություն  գան՝ ներդրումներ անելու, բայց մենք կռվելու ենք, որ այդ մարդիկ գան, մինչև դերերը փոխվեն. Երևանում մեկնարկած թվով արդեն 3-րդ Հայաստան-Չեխիա գործարար համաժողովին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են անտեղ, որտեղ կա երկու կարևոր գործոն՝ կայունություն և տնտեսական շահ: «Իսկ Հայաստանում այս առումով բոլոր պայմանները ստեղծված են»,- ասաց նախագահը՝ հղում անելով ամենահեղինակավոր վարկանիշային հրապարակումներին:

Սերժ Սարգսյանը նշեց, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճ է գրանցել, բայց դա, ըստ նրա՝ անբավարար է և պետք է է՛լ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն իր ելույթում ասաց, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլ հիմնականում  գործարարները պետք է լուծեն այն խնդիրները, որոնք կան ՀՀ-ի և Չեխիայի միջև: Նախագահն անբավարար գնահատեց երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն խիստ ցածր որակելով: Ապա նշեց, թե կարող են ավանդական ապրանքներ առաջարկել, օրինակ՝  չեխական գարեջուր կամ  «Շկոդա» ամենագնաց մեքենաները, որոնք աշխարհում ամենալավն են:

«Ես մի կարգախոս եմ սիրում՝ հաճելի է խնձոր սպառելը, բայց շատ ավելի լավ է տնկել խնձորի ծառ: Մեր ներդրումը նման է խորը արմատներով ծառի, որը բարեկամության արմատներ պետք է գցի փոխշահավետ ռազմավարության հիմքի վրա,և որը չի կարող պատահական ընտրություններով ընդհատվել: Պետք է տնտեսական համագործակցության երկարաժամկետ համագործակցություն»,- ասաց նա:

Նախագահը  համագործակցության նոր ոլորտներ թվարկեց՝  շեշտելով էներգետիկ ոլորտը՝ միջուկային էներգետիկայի կայանը, ՀԷԿ-երը, նաև՝արդյունաբերական նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն:

Միլոշ Զեմանը, սակայն, նշեց, թե իրենց ապահովագրական կառույցների և բանկերի ներկայացուցիչները երբեմն բողոքում են, որ գործընկների շրջանում վստահություն չկա: «Պետք է քննարկել նախքան պայմանագրի կազմումը և հասկանալ, որքան վստահելի գործընկեր ես գտել: Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանից, ով խոստացավ լուծել այն խնդիրները, որոնք կան «Միկա ցեմենտի» հետ կապված »,-ասաց նա:

Վերջում Չեխիայի նախագահը մեջբերեց իր խոսքով՝ մի անքաղաքավարի նախադասություն, որն ասել էր մի շատ հաջողակ ձեռներեց. «Մի ասա անհնար է, ասա ինձ համար է անհնար… ես հավատացած եմ, որ հնարավոր կլինի ձեզ համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել