Ի՞նչը կարող է արդարացնել թուրք-գերմանական հարաբերություններում ճգնաժամի վերաբերյալ այս սյունակագրի անսովոր լավատեսությունը չափազանց մի բարդ ժամանակահատվածում, երբ թուրքական սպառնալիքները ստիպել են Գերմանիայի անվտանգության ծառայություններին թիկնապահներ հատկացնել թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականներին, գրում է Բուրաք Բեքդիլը Hurriyet Daily News-ում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Կա երկու շատ լավ նշան, գրում է նա՝ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Բեռլինից և «լուրջ հետևանքներով» է սպառնացել: Կան նաև այլ լավ նշաններ, որոնք վկայում են ավելի լավ թուրք-գերմանական հարաբերությունների մասին:
Ոչ մի լուրջ սխալ բան չկա Բեռլին-Անկարա հարաբերություններում իրադարձությունների հետ կապված, որոնք վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով՝ պարզապես «սովորական իրադարձություններ են, որոնք կարող էին լինել ցանկացած հասարակությունում կամ երկրում»: Կարևոր չէ, որ այդ «սովորական իրադարձությունները» հարյուր հազարավոր մարդկանց մահանալն էր…
Բայց Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների առողջ ապագայի ամենամեծ վկայությունը Թուրքիայի սովորական դարձած արձագանքն է:
Հեղինակը գրում է, որ մինչ Ֆրանսիան 2001 թվականին կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան սպառնում էր սառեցնել տնտեսական, քաղաքական և ռազմական, այդ թվում՝ պաշտպանությանը վերաբերող կապերն այդ երկրի հետ: Ի պատասխան՝ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եվ Թուրքիայի երկկողմանի առևտուրը 2001 թվականի 4 միլիարդ դոլարից մեկ տասնամյակ անց հասավ 15 միլիարդի: Գերմանական ճգնաժամն ամենայն հավանականությամբ կունենա նույն «դրական առևտրային արդյունքը», կամ ավելին:
Այնուամենայնիվ, մեկ տասնամյակ անց Թուրքիան կրկին սպառնում էր Ֆրանսիային: Այս անգամ նա սպառնում էր խզել տնտեսական, քաղաքական և ռազմական կապերը, եթե Ֆրանսիան քրեականացներ Հայոց ցեղասպանության հերքումը:
Նախորդ փորձերից իմանալով, թե որքան «պատժիչ» է Թուրքիայի զայրույթը, Ֆրանսիան ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը: Մի քանի ամիս անց, սակայն, օրինագիծը հակասահմանադրական ճանաչվեց: 2012 թվականին այդ ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են այսուհետ երջանիկ ապրել իրար հետ:
2001-2012 թվականներին Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին սպառնալուց անցավ այդ երկրների հետ երջանիկ ապրելուն, այնքան, քանի դեռ այդ երկրներում չեն գործում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ:
Հեղինակի կարծիքով՝ ֆրանսիական նախադեպով ոչ մի երկիր Թուրքիայի զայրույթը լուրջ չի ընդունի:
Դժվար է հետևել ցեղասպանության հետ կապված վեճերից հետո հետ կանչված թուրք դեսպանների թռիչքների ժամանակացույցներին: Կասկած չկա, որ Բեռլինում թուրք դեսպանը, ով այժմ Անկարայում է, հետդարձով տոմս է գնել, վերջիվերջո, դրանք ավելի էժան են:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/08/turkey/2044039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



