«Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը) հայտարարել է, թե չի կարծում, թե շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ կա, որովհետև հումքը ներկրում են, իսկ շաքարավազի գործարանում բազմաթիվ աշխատողներ կան։
«ՉԻ» - Մարդը ճիշտ է ասում։ Եթե շաքարի գործարանում՝, օրինակ, 80 աշխատող կա, նշանակում է՝ այդ ապրանքային շուկայում 80 «սուբյեկտ» է ներգրավված։ էլ ի՞նչ մենաշնորհ։ Նույնն էլ՝ ներմուծման ոլորտում։ Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե մի 50 հոգով շաքարավազը բարձում են վագոնները, հետո մի 50 հոգով բեռնաթափում են, ևս մի 30-40 հոգի տանում– հանձնամ են խանութներին: Իսկ Սամվել Ալեքսանյանը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը այդ շաքարավազը ոչ անձամբ ներկրում է, ոչ վագոն բարձում, ոչ խանութներով ցրում...
Մի խոսքով՝ Հայաստանի բիզնես-ոլորտում միայն մի մենաշնորհ կա. ՀՀԿ– ի տատիկը։ Միայն ինքն է զբաղվում բարձրաստիճան հանրապետականներից փող վերցնելով, ընդ որում՝ անձամբ։ Մրցակիցները վաղուց դուրս են մնացել շուկայից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։