Tert.am–ը գրում է.

Բարձրաստիճան թուրք պաշտոնյան կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն` քննարկելու Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ Անկարայի արձագանքը: Այս մասին հունիսի 7-ին հաղորդում է Reuters գործակալությունը`վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին: 

«Քննարկումների ընթացքում շեշտվել են Գերմանիայի և Թուրքիայի միջև ավանդական սերտ և վստահելի հարաբերությունները: Պարզաբանվել է, որ գերմանացի օրենսդիրների վերջին որոշման շուրջ բարձրաձայնված մեկնաբանությունները հակասում են դրանց և անհասկանալի են», - ասել է ԱԳՆ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մինչ օրս հնչած քննադատություններին և բողոքներին՝ կապված հունիսի 2-ին Բունդեսթագում  գրեթե միաձայն ընդունված բանաձևի հետ, այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել է այն, որ «Գերմանիայի խորհրդարանի՝ ազգությամբ թուրք պատգամավորի արյունը պետք է ստուգել տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել