Tert.am-ը գրում է.

Պատմությունն իրեն կեղծողներին նետում է պատմության աղբանոց. Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանը կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիայի արձագանքին։

 

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.


«Հարգելի խորհրդարան,

Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Դա լուրջ քայլ էր ցեղասպանությունների միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ և կրկնակի մեծ հարված թուրքական ժխտողականությանը: Ճանաչմանը հաջորդեց Թուրքիայի հիստերիկ արձագանքը, սակայն ոչ պակաս հիստերիկ էր նաև երկրորդ թուրքական պետության առաջնորդ Ալիև կրտսերի հոխորտանքը, երբ նա Բունդեսթագի բանաձևը կեղծիք և սադրանք որակեց: Ավելին՝ Ալիևը Բունդեսթագին մեղադրեց նաև անցած տարվա հունիսին հակաադրբեջանական բանաձև ընդունելու հարցում՝ նեղսրտելով, թե Գերմանիան Ադրբեջանը համարում է ոչ  ժողովրդավարական երկիր: Ինչպիսի՜ զավեշտ. փոքրիկ բռնապետը ժողովրդավարության  դասեր է տալիս Գերմանիային: 

Սակայն սրանով ալիևյան անհեթեթությունները չեն ավարտվում: Օրերս նա հանդես եկավ հայտարարությամբ,  որտեղ, մեղմ ասած, խեղաթյուրելով պատմությունը՝ ձեռնոց նետեց ոչ ավել, ոչ պակաս անտիկ հեղինակներին՝ Ստրաբոնին, Պոլիբիոսին, Դիոն Կասիոսին, Պլուտարքոսին, Պտղոմեոսին: Ավելին՝ նա իր հայտարարությամբ փորձում է «սխալ հանել» բրիտանական հանրագիտարանը, ԽՍՀՄ ակադեմիական հրատարակության «Համաշխարհային պատմությունը»՝ նշելով, որ ոչ միայն Արցախն է ադրբեջանական տարածք, այլև Սյունիքից մինչև Երևան եղել են պատմական Ադրբեջանի տարածքներ:


Հարգելի գործընկերներ,

Այս անհեթեթություններին անդրադառնալու որևէ անհրաժեշտություն չէր լինի, եթե դրանց հեղինակը չլիներ պետության առաջնորդ: Սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար՝ այժմ որևէ հայկական սկզբնաղբյուր չեմ մատնանշի:


Այսպիսով՝ անտիկ հեղինակ Ստրաբոնը նշում է, որ  Հայաստանի և Ատրպատականի հարավային սահմանագիծն անցնում է Արաքս գետով: Այսինքն՝ ներկայիս Ադրբեջանը պատմական Ատրպատականի տարածքի հետ որևէ աղերս չունի:

Ե՛վ Ստրաբոնը, ե՛ւ  Պտղոմեոսը, ե՛ւ Պլուտարքոսը, ե՛ւ Պլինիոս Ավագը, ե՛ւ Դիոն Կասիոսը հստակ նշում են, որ արևելքում Հայաստանի և Աղվանքի սահմանն անցել է Կուր գետով, այսինքն՝ մինչև Կուր գետ եղել է պատմական Հայաստան: Իսկ աշխարհահռչակ ռուս գիտնական Ա.Պ. Նովոսելցևը, ուսումնասիրելով անտիկ պատմիչներին, նշել է. «Ոչ միայն Արցախն է հայկական, այլև Ուտիքն ու Գարդմանը»:

Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ ադրբեջանցիները: Դիմենք Վիքիպեդիայի օգնությանը: Ադրբեջանցիներ՝ թուրքալեզու ժողովուրդ: Իսկ ո՞րն է թուրքալեզու ժողովուրդների հայրենիքը: Միջին Ասիայի և Ալթայի միջև ընկած տափաստանները:

Ե՞րբ է Կովկասում առաջացել Ադրբեջան անվանումով պետություն: Միայն 1918 թվականի մայիսին թուրք Նուրի փաշայի արշավանքների հետևանքով: Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարը նախընտրում է ընթերցել ոչ թե պատմական սկզբնաղբյուրներ, այլ վկայակոչում է ինչ-որ քարտեզներ, ես կհորդորեի նրան Հռոմ այցելելու ժամանակ ծանոթանալ Հին աշխարհի՝ մեր օրերին հասած ամենահայտնի քարտեզներից մեկին: Այնտեղ նա կտեսնի Հռոմեական կայսրության սահմանները, պատմական Հայաստանը Արցախով հանդերձ, ինչպես նաև Իրանը:

Եզրափակելով խոսքս՝ որպես պատմաբան՝ նշեմ, որ պատմությունն անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կեղծել այն՝ դաժանաբար նետելով նրանց պատմության աղբանոց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել