Tert.am-ը գրում է.
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց որպես ՀՀ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որին դիմել են ՀՀ քաղաքացիները՝ «Միավորված վիզաների դիմումների կենտրոնում» նվաստացուցիչ գործընթաց անցնելուց հետո:
«Ովքեր այս շրջանում ցանկանում են մեկնել արտերկիր հանգստանալու՝ գողգոթա են անցնում, մի նվաստացուցիչ պրոցես՝ վիզայի թույլտվություն ստանալու համար: Միգուցե փորձը այլ երկրներից է վերցված, բայց ասենք, որ մեզ մոտ չի աշխատում այդ մոդելը: Մեր հայրենակիցներին ինչ-որ ժամ են նշանակում, բոլորին մի սենյակ են մտցնում գետտոյի նման, և բոլոր ընտանիքի անդամներին` ծծկեր երեխայից մինչև N տարիքի երեխա, ստիպում են սպասել, մինչև հերթը գա և մի աշխատակից ժամերով փաստաթղթերը նայի»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այդ ընտանիքները պատմել են, թե ինչպիսի ստորացուցիչ պրոցես են անցնում: «Մենք դիվանագիտական անձնագիր ունենք, բայց պարտավոր ենք դրա մասին խոսել»,- ասաց նա:
ԲՀԿ պատգամավորը նշեց, թե վիզայի կենտրոնը ներմուծվեց, քանի որ դեսպանատներում իբր թե հերթեր էին գոյանում, որպեսզի կենտրոնացված լինի, մինչդեռ ըստ նրա, այդ կենտրոններում մարդկանց գործերը «սկրեպով» միացնելու և հետո դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար են վերցնում, իսկ «սկրեպի» գինը մոտ `12 հազար դրամ է: «Այսինքն՝ 30 000 դրամ են վճարում, որպեսզի 3-4 ժամ սպասեն, դրանից հետո էլ դա չի ազատում դեսպանատուն գնալուց, մի հատ էլ նույն պրոցեսը անցնում են, էլի մի քանի ժամ սպասելով»,- ասաց նա և դիմեց Արտաքին գործերի նախարարությանը:
«Դիմում եմ ԱԳՆ-ին ԵՄ դեսպանության ներկայացուցչության հետ միասին այս նվաստացուցիչ գործընթացը կանխելու և ճիշտ մեխանիզմներ գտնելու համար: Մենք իրենց քաղաքացիներին հետ այդպես չենք վարվում, և որևէ մեկը իրավունք չունի նվաստացնել մեր քաղաքացուն»,- ասաց նա:



