Tert.am-ը գրում է.
Գողթում այսօր լարվածությունը վաղ առավոտից չէր մարում, գողթեցիները, որոնք փակել էին Գողթ-Երևան ճանապարհը, Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանին ու նրա հետ ժամանած մնացած շինարարների հետ երկար ժամանակ վիճում էին ու ոչ մի հայտարարի չէին գալիս: Իրավիճակը լարված էր, կրքերը ոչ մի կերպ չէին հանդարտվում:
Գողթեցիներից մեկը հայտարարեց, որ Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ով, նրա խոսքով, ոչնչացրեց Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը , եկել «ձեռքով մի բլանկ է ստորագրել, որով ուզում է գեղատեսիլ Գողթը չորացնել»:
«Ամառվա կեսին մեր գլխին ջուր մաղի, թող գնա, որտեղից ուզում է ջուր բերի, Գողթի հետ գործ չունի»,- ավելացրեց գյուղացին:
Հիշեցնենք, որ Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից կառավարությունը պատրաստվում է ջուր տալ այլ գյուղերի։ Այն դեպքում, երբ գողթեցիների խոսքով՝ առանց այն էլ լճի ջուրն իրենց ոռոգման սեզոնին մի կերպ է բավականացնում։
Գողթեցիները մեկ ամիս առաջ նորից բողոքի ակցիա էին արել, ու գյուղացիները մանրամասնել էին իրենց մտավախության պատճառը: Ըստ այդմ՝ լճի պատվարը պետք է բարձրացնեն, որպեսզի ջրի ծավալն ավելանա, նոր ջուր տանեն։ Գեղարդալճի տարողությունը, ընդհանուր առմամբ, 2.4 միլիոն խորանարդ մետր է, իրենք ուզում են ավելացնել ևս 1 միլիոն, բայց գյուղացիները կասկածում են, որ չեն կարողանա այդքան ծավալի ջուր ավելացնել:
Գողթի գյուղացիների հետ զրուցեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը` ասելով, իրենց նպատակը մեխանիկական ոռոգումն ինքնահոս դարձնելն է։
Բողոքի ակցիայի մասնակցող գողթեցին հարց տվեց՝ եթե 2.4 միլիոն խորանարդ մետր ջուրը չի բավականացնում 500 հեկտար և ավելի հող ոռոգելու համար, ապա ինչպե՞ս է մեկ միլիոն խորանարդ մետր ավելանալու դեպքում բավականացնելու ևս 743 հեկտարի ոռոգման համար: Պարզ չէ՞, որ եղած ջրից են տանելու:
Երևանից եկած շինարարներից Յուրի Ջավադյանը ի պատասխան նշեց, որ լճից տարեկան 500 հազար խորանարդ մետրի կորուստ կա , այսպես թե այնպես:
«Ո՞նց ես չափել, որ 2.4 միլիոն ա հերիքում»,- գողթեցուն հարցրեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը:
Գողթեցին ասաց, որ դրանք հաստատված թվեր են։
«Ես էլ քո հաստատված թվերին չեմ հավատում», -ասաց Վաչիկ Սահակյանը, ում գյուղացիներն անմիջապես հակադարձեցին թե՝ «մենք էլ քո թվերին չենք հավատում»:
Չնայած սրան` Վաչիկ Սահակյանը վստահեցնում էր, հաշվարկներ են արված և ջուրը բավականացնելու է, ավելորդ ռիսկերից պաշտպանվելու համար անգամ որոշել են Գիլանլար գետի ջրերից օգտվել ու ջրամբարի պատվարը բարձրացնել։
Գյուղացիները պնդեցին, որ իրենց պահանջը Գեղարդալճի ջրամբարի շինարարական աշխատանքները դադարեցնել է, բացատրություններն իրենց չեն հետաքրքրում։
Վեճը շարունակվում էր, ներկաներից մի կին պնդեց, որ ականավոր գիտնական Պարիս Հերունին բազմաթիվ լավ ծրագրեր էր առաջարկում, որոնցից մեկն էլ արևային էներգիան օգտագործելն է:
Գողթեցիները բացեցին ճանապարհը, քանի որ քննարկման արդյունքում որոշվեց դադարեցնել ջրամբարի շինարարությունը: Ջրամբարի կառուցման ճակատագիրը կորոշվի նոր քննարկումից հետո:



