Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով: Թբիլիսիի մասնակցությամբ Այսրկովկասում ձևավորում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է ոչ միայն հակադրվեք Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլ նաև՝ լրջապես վերափոխել ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությունով:
2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությունները, և վրացական իշխանություններին այլևս ոչինչ չի խոչընդոտում յուրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշվելով հակառուսական ցանկացած ձևաչափերի մեջ: Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը՝ ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաև՝ հակահայկական իրենց արկածախնդրությունների մեջ: Ավելին, որպեսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականությունը, Անկարան և Բաքուն լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:
Ռազմաքաղաքական գործոն
Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ՝ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, և Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Ցավալի է, բայց նման մոտեցումը կիսում են նույնիսկ վրացական վերնախավում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մոտեցումը նախևառաջ ուղղված է Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրությունը, ուստի վրացական վերնախավի համար թուրքական հայտարարությունները հոգեբանական այլ նշանակություն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքույց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձևով ներքաշել նաև Թբիլիսին:
Մայիսի 15-ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բացահայտում են, որ Թուրքիային մասնակի հաջողվել է հասնել իր նպատակին և առանց Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնի օգտագործման, քանի որ ձևավորվող այդ դաշինքի մեջ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում: Վրաստանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանին, և օգտվելով Ռուսաստանի միջամտությունից և զբաղվածությունից՝ նոր արկածախնդրության դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարավոր նոր կոնֆլիկտի դեպքում ռուսական 102-րդ բազան ստիպված կլինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին և չի կարողանա որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել հայկական զինված ուժերին, իսկ դա հնարավորություն կտա ավելի մեծ ուժեր կենտրոնացնել ոչ միայն ղարաբաղյան ռամաճակատում, այլ փորձարկել նաև Նախիջևանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպեսզի հայկական զինված ուժերը երկու թևով պաշտպանվեն:
Տարածքային ամբողջականության գործոն
Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների նոր որակը երկիմաստ է դարձնում Երևանի հետ Թբիիլիսիի հարաբերությունները: Վրացական վերնախավը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին, սակայն երկու հակահայկական տրամադրվածությամբ երկրների հետ նույն դաշինքի մեջ գտվելը ստվերում է այդ հայտարարությունների անկեղծությունը: Անկարան և Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թե Երևանը, գտնվելով Մոսկվայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջավախքում վրացական իշխանության համար, և նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցությունը: Իրականում, սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի պետականության կազմում, այլ՝ հենց Աջարիայի հետագա պատկանելության հարցով պարտադրել Թբիլիսիին շարժվել իր համար ցանկալի ճանապարհով:
Եթե Վրաստանը հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան կարող է Ջավախքում հրահրել վրաց-հայկական ընդհարումներ կամ խռովություն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին ավելի լայն ինքնավարության տրամադրում, նույնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քվեմո-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր հավակնությունները չի թաքցնում նաև Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիվացնել նաև Մառնեուլիի շրջանում բնակվող մահմեդականների կենտրոնախույս մղումները:
Փաստացի, թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը բացահայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն այն դեպքում, որ Հայաստանի պետական վերնախավը բազմիցս հայտարարել է, որ հայ-վրացական որևէ տարածքային հարց գոյություն չունի:
Տնտեսական գործոն
Վերջին տաս տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանի նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հասցվում Բաքու- Թբիլիսի - Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապնվեն երկաթգծով: Վրաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս, նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան-Իրան տարանցիկ ծրագրերի: Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսիին սառնասրտորեն մոտենալ Մոսկվայից առաջարկվող բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կբերի երկրում իրավիճակի սրացում, նույնիսկ՝ ներքաղաքական ճգնաժամ, հասարակության ավելի լայն շերտեր կպահանջեն նաև ռուսական բազայի հեռացումը, ինչը կվերացնի լուրջ վտանգը հարավից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը միտված չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մեջ պահելուն:
Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում՝ Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությունը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսը: Սակայն թե՛ թուրք, և թե՛ ադրբեջանցի գործարարները վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական և տուրիստական կարևոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաև լավագույն լողափերի զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թվի 75 տոկոսը: Մեծացել է նաև Բաթումի նավահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ ավելի վարձատրություն, քան տեղացիները:
Կրոնա-մշակութային գործոն
Երկքաղաքացիության սկբունքով Վրաստանի քաղաքացիություն 2011 թվականից ստացել է ավելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլեւ՝ Վրաստանի մյուս շրջաններում, ընդ որում՝ սունի մահմեդականների։ Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաև շիա ադրբեջանցիների սունիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Աջարիայում այսօր խոսվում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացվում են թուրքերենի անվճար ուսուցման կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակվում է 150 հազար վրացի մահմեդական։ Նրանց մեջ նկատելի են դառնում կրոնական ծայրահեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացվում են Թուրքիայից եկող կրոնական գործիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան կառույցների, կրոնական, հասարակական տարբեր կազմակերպությունների ձևով այստեղ գալիս են կառույցներ, որոնք միտված են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաև՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառույցներ, ինչպիսին է «Իսլամական պետությունը»:
Վերջին տարվա ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա մեկնած մահմեդական վրացիների թիվը: ԻՊ-ի պարտությունից հետո վերադառնալով հայրենիք, չի բացառվում, որ նրանց կօգտագործեն կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ, մասնավորապես՝ հենց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառոնւմ Վրաց Ուղափար եկեղեցու մոտեցումը: Թեև Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ նոր մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն իր գործելաոճով վրացական հոգևորականությունը միտված է ավելի շատ հակահայկական, քան թե սեփական հավատքի պահպանությանը: Թեև հասկանալի է թե ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները չբացառեցին Տրապիզոնում և մյուս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:
Փաստորեն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականի, այլ նաև փորձում է պատանդ վերցնել այն ամբողջությամբ: Օգտագործելով տարբեր գործոնները՝ Անկարային արդեն իսկ հաջողվում է ներքաշել որոշակի, թեև դեռ անհասկանալի դաշինքների մեջ, սակայն թե նման գործելաոճի շարունակելիության դեպքում Վրաստանը նույնպես կարող է դառնալ լուրջ գլխացավանք Հայաստանի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել