ԱՎԾ հրապարակած տվյալները մի հետաքրքիր պարադոքս են ի հայտ բերել: Այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում մանրածախ առևտրի ֆիզիկական ծավալները կրճատվել են 4.6 տոկոսով, իսկ ծառայություններինը՝ աճել 9.3 տոկոսով: Ծառայությունների ոլորտում իր տեսակարար բարձր կշռով՝ 20 տոկոս, առանձնացել է «մշակույթ, ժամանց, հանգիստ» անունը կրող խումբը: Վերջիններս աչքի են ընկել դինամիկայով. տարեկան հաշվարկով աճն ավելի քան 1.4 անգամ մեծ է:
Ընդհանուր բարձր ցուցանիշին նպաստել է նաև տրանսպորտային ծառայությունների ոլորտը, որի ծավալները հիշյալ ժամանակահատվածում աճել են 28.6 տոկոսով, իսկ ընդհանուր ցուցանիշում դրանց բաժինը հասել է 13.4 տոկոսի:
Հարկ է նշել նաև, որ նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրումները կրճատվել են 0.1 տոկոսով, իսկ ահա բեռնափոխադրումների քանակն աճել է 2.4 անգամ: Մասնագետները դա բացատրում են բաց հանքերի շահագործման և լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի փոխադրության ծավալների աճով: