Tert.am–ը գրում է.
Ֆինլանդիայում արջը դադարեցրել է զորավարժությունները, որոնց 3000 զինծառայող էր մասնակցում. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ներթափանցելով բազայի տարածք՝ կենդանին նախ համտեսել էր զինվորների համար նախատեսված ճաշը, ապա պատռել է զինծառայողների իրերը:
«Սովորաբար արջերը խուսափում են մարդկանցից, սակայն այս մեկն առհասարակ չի վախեցել»,-ասել է բրիգադի մամուլի քարտուղար Սաթու Հույանենը:
Նրա խոսքով՝ տուժածները չկան: Կենդանու հնարավոր հարձակումից վախեցած զինծառայողները բարձրացել են մոտակա բեռնատարների վրա ու սպասել, մինչ վտանգն անցնի:
Զորամասի հրամանատարությունը վճռել է, որ արջը սպառնալիք է անձնակազմի համար և Ֆինլանդիայի օրենքով՝ դիմել է ոստիկանություն՝ գիշատչի վրա կրակելու թույլտվություն ստանալու համար: Դրանից հետո կենդանուն սպանել են:
Նշվում է, որ վերջին 13 տարում սա առաջին դեպքն է, երբ արջը ռազմաբազայի տարածք է մտնում: